«Ջազում միայն աղջիկներն են». սևուսպիտակ գլուխգործոցը` գունավոր ֆոտոշարքով (լուսանկարներ)

13:24 • 24.11.16

Շատերը, դիտելով ամերիկյան «Ջազում միայն աղջիկներն են» հանրահայտ ֆիլմը, չեն զարմանում փաստից, որ այն սև ու սպիտակ է. ֆիլմն էկրաններին է հայտնվել 1959 թվականին, երբ գունավոր ժապավենն ու գունավոր կինոնկարներն արդեն արտասովոր բան չէին:


«Ոչ այսօր, Ջոզեֆինա» ֆիլմը` հենց այս անվանումն է ի սկզբանե ընտրվել հանրահայտ կինոնկարի համար, պլանավորվում էր գունավոր նկարահանել:

 

Bigpicture.ru-ն անդրադարձել է այս հարցին ու ներկայացրել ֆիլմը սևուսպիտակ նկարահանելու պատճառները:

 

Կայքը գրում է, որ Fox կինոստուդիային «պատկանող» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Մերիլին Մոնրոյին հստակ պայման էր առաջադրվել. պայմանագրի համաձայն` նա պետք է նկարահանվեր միայն գունավոր ֆիլմերում: Սակայն ռեժիսոր Բիլի Ուայլդերը չէր սիրում գունավոր կինոն` միշտ նախընտրելով սևուսպիտակ ֆիլմեր: Դրանից բացի, ֆիլմի սյուժեի ոճը պետք է համապատասխաներ նախապատերազմյան գանգստերային ֆիլմերին:

 

 

Աղբյուրը մանրամասնում է, որ գոյություն է ունեցել ևս մի խնդիր` դիմահարդարումը. առաջին իսկ կինոփորձերից հետո պարզվել է, որ ֆիլմում Ջոզեֆինայի ու Դաֆնայի դերը տանող դերասանների` Ջեք Լեմոնի և Թոնի Քյորթիսի դիմահարդարումը շատ «ծանր է», և գունավոր նկարահանման դեպքում մատնում է չափազանց նկատվող ու կայուն կանաչ երանգը: Դրանից բացի, կանանց դերը խաղացող տղամարդիկանց համար դժվար է եղել մտնել կանանց դերերի մեջ: Մասնավորապես՝ Լեմոնը դժվարություններ է ունեցել կանացի զգեստներ ու կոշիկ կրելու հարցում:

 

Այսպիսով՝ ռեժիսորը Մոնրոյին ցույց է տվել գունավոր կադրերն ու բացատրել, որ գույնը միայն կփչացնի ֆիլմի ընդհանուր պատկերն ու տպավորությունը: Դերասանուհին, տեսնելով կինոփորձերի արդյունքը, համաձայնել է ռեժիսորի հետ և թույլ տվել, որ ֆիլմը սևուսպիտակ նկարահանվի:

 

 

Չնայած որոշմանը` նկարահանումների ժամանակ արված լուսանկարների համար օգտագործվել է գունավոր ժապավեն, որի միջոցով պահպանվել է աշխատանքի իրական շունչը և դերասանների ու նկարահանող խմբի իրական տրամադրությունը:

 

 

«Ջազում միայն աղջիկներն են». սևուսպիտակ գլուխգործոցը` գունավոր ֆոտոշարքով (լուսանկարներ)