Մեծ Բրիտանիայում կտպագրվի Հերբերտ Ուելսի` նախկինում անհայտ պատմվածքը
Անգլիացի գրող Հերբերտ Ուելսի` նախկինում չհրատարակված պատմվածքը կտպագրվի բրիտանական Strand Magazine ամսագրում. այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Ուրվականներով առաստաղը» կոչվող ստեղծագործությունը հայտնաբերվել է Strand Magazine ամսագրի խմբագիր Էնդրյու Գուլիի կողմից գրողի արխիվներում, որոնք գտնվում են Իլինոյսի համալսարանում: Գուլին օգնական է վարձել, որպեսզի ստուգի, թե արդյոք Ուելսի գրառումներում անհայտ ձեռագրեր կան:
Կայքը գրում է, որ գիտնականները «Ուրվականներով առաստաղը» թվագրել են 1890-ական թվականների կեսով, երբ հեղինակը մոտ 30 տարեկան է եղել: Գրեթե նույն ժամանակ հրատարակվել է նրա առաջին` «Ժամանակի մեքենան» վեպը:
Նշվում է, որ ամսագիրն այս շաբաթ կհրապարակի պատմվածքը:
«Պատճառն այն է, որ մենք ուզում ենք պահպանել ցուրտ ամիսներին ուրվականների մասին պատմվածքներ կարդալու ավանդույթը», - բացատրել է Գուլին:










