Պլյուշչենկոն երևանյան շոուի ժամանակ ելույթ է ունեցել «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի ներքո (տեսանյութ)
Ռուս հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, որը Երևան էր ժամանել «Սառույցի արքաները» շոուին մասնակցելու համար, հարգանքի տուրք է մատուցել 1988թ. Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի զոհերի հիշատակին՝ հանդես գալով զգացմունքային կատարմամբ:
Օլիմպիական երկակի չեմպիոնը սահադաշտում փայլել է իր մասնագիտական հմտություններով. նրա ելույթն ուղեկցվել է ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի հնչյունների ներքո:
Տպավորիչ ելույթի վերջում Պլյուշչենկոյին է մոտեցել փոքրիկ աղջիկ՝ խորհրդանշելով, որ մեծ աղետից հետո կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում է: Ելույթից հետո գեղասահորդը խոստովանել է, որ ամեն ինչ արել է ի սրտե:
«Մենք բոլորին հիշում ենք, և ձեր ծափահարություններն ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են: Այս համարում ես փորձեցի ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, մենք մեծանում ենք, առաջ ենք շարժվում, ընտանիքներ են ստեղծվում: Մենք ապրում ենք հանուն երեխաների, հանուն ապագայի, ուստի ՝ բոլորիս խաղաղություն, սեր ու հանգստություն եմ մաղթում»,- դիմելով հանդիսատեսին՝ ասել է անվանի գեղասահորդը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










