«Ոսկե գլոբուս»-ն անդրադարձել է «Երկրաշարժ» ֆիլմին

12:49 • 29.11.16

Ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» ամենամյա կինոմրցանակաբաշխության պաշտոնական կայքէջում  անդրադարձ է արվել ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին:


Աղբյուրը նշում է, որ ֆիլմը հիմնված է 1988թ. Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած, ավելի քան 25.000 մարդու կյանք խլած և կես մլն բնակչի անօթևան դարձրած երկրաշարժի դեպքի վրա:


Goldenglobes.com-ը նկատում է, որ այս նախագիծը ռեժիսորի համար ունի առանձնահատուկ նշանակություն:


«Նախագծի միջոցով ռեժիսորը ցանկացել է 30 տարի անց պատմել ոչ միայն մահվան ու ավերածությունների, այլև հույսի և մարդկանց՝ սարսափելի մղձավանջին դիմակայելու ոգու ուժի մասին»,-նշվում է անդրադարձում:


Աղբյուրը մեջբերել է նաև գլխավոր դերակատար Կոնստանտին Լավրոնենկոյի խոսքերը. «Հենց ամենասկզբից, երբ ստացա առաջարկը, հասկացա, որ սա հեշտ ֆիլմ չի լինելու, բայց առանց հապաղելու համաձայնեցի: Չեմ ուզում կրկնել ծեծված բառեր ողբերգության ու հիշողության մասին: Կասեմ միայն, որ այս ֆիլմի շնորհիվ մենք, վերհիշելով անցյալի սարսափելի դեպքերը, կարող ենք նորովի գնահատել կյանքն ու արժևորել մեկս մյուսի ներկայությունը»:

«Ոսկե գլոբուս»-ն անդրադարձել է «Երկրաշարժ» ֆիլմին