National Geographic-ը Քարահունջը ներառել է աշխարհի 8 հնագույն աստղադիտարանների ցանկում

18:10 • 29.11.16

National Geographic գիտահանրամատչելի աշխարհագրական ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրը ներառել է բաց երկնքի տակ գտնվող աշխարհի հնագույն աստղադիտարանների ցանկում:

Ինչպես հայտնում է Sputnik գործակալությունը, հայոց հնագույն աստղադիտարանի` Զորաց քարերի հետ մեկտեղ ցանկում տեղ են գտել 7 այլ ուշագրավ հնավայր:

«Պորտուգալական Կրոմլեխից մոտ 5000 կմ հեռավորության վրա գտնվում է հայկական Սթոունհենջը։ Այն ներառում է 223 ուղղահայաց քարեր` մինչև 10 տոննա քաշով»,- ասվում է ամսագրի հոդվածում։

Նշված ցանկում ներառվել են նաև Անգլիայի Սթոունհենջը, Մեքսիկայի Չիչեն-Իցա աստղադիտարանի ավերակները, Հունաստանի ամենամեծ վանական համալիրներից մեկը` Մետեորները, Իրանի Ալամուտի ավերակները, Կալիֆոռնիայի Օուենս հովիտը, Ավստրալիայի Ուլուրու-Կատա Տյուտա ազգային պարկը:

Քարահունջ մեգալիթյան հուշարձանը գտնվում է Երևանից 200 կմ հեռավորության վրա` Սիսիան քաղաքի մոտ։ Այս առեղծվածային քարե շինությունների վերաբերյալ ակադեմիկոս Պարիս Հերունին անցած դարի 90-ականներին սենսացիոն վարկած է առաջադրել` անվանելով այն աշխարհի ամենահին աստղադիտարանը։ Նա էլ տվել է Քարահունջ անվանումը, որը պաշտոնապես գրանցվել է Հայաստանում:

 

National Geographic-ը Քարահունջը ներառել է աշխարհի 8 հնագույն աստղադիտարանների ցանկում