2017թ. «Ավրորա» մրցանակաբաշխությունը 3 օրվա փոխարեն կտևի ավելի քան 1 ամիս, Ջ. Քլունին կրկին կմասնակցի

12:47 • 30.11.16

«Ավրորա» մրցանակաբաշխությունը 2017 թվականին կտևի ոչ թե 3-4 օր, այլ մեկ ամսից ավելին: 2017թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 24-ին և կավարտվեն մայիսի 28-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

«Ուզենք, թե չունեք՝ մենք պետք է ընդլայնենք «Ավրորայի» ձևաչափը: Ավելի շատ միջոցառումներ կարվեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Դրա համար մեր աշխատանքը դժվարացնող որոշում ենք կայացրել՝ «Ավրորան» կտևի ոչ թե 3-4 օր, այլ՝ մեկ ամսից ավելին: Սկսելու ենք ապրիլի 24-ին, մրցանակաբաշխությունն ավարտելու ենք մայիսի 28-ին և այդ օրը կհայտնենք մրցանակակիրներին: Դրա մեջ մենք տեսնում են սիմվոլիզմ՝ մահից մինչև կյանք, ճանապարհ դժոխքից մինչև հաղթանակ, հուսահատությունից մինչև հույս»,-ասաց Ջիլավյանը:

Ջիլավյանը տեղեկացրեց, որ 2017 թվականի « Ավրորա« մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին, հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Դափնեկրին և հավակնորդներին կորոշի «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից:

Ջիլավյանը նաև հայտնեց, որ ըստ այս պահի տվյալների՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջորջ Քլունին կրկին կմասնակցի մրցանակաբաշխությանը:

Հարցին, թե 2017 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրություններ են, որից հետո Հայաստանում սովորաբար քաղաքացիական ակտիվություն է նկատվում, արդյո՞ք դա չի խանգարի մրցանակաբաշխությանը, Ջիլավյանն ասաց, որ «Ավրորա» մրցանակաբաշխության աշխատանքները շարունակվելու են, և իրենք հույս ունեն, որ որևէ քաղաքական իրադարձություն «Ավրորայի» համար բացասական ֆոն չի ստեղծի:

Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և 1 մլն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակը ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների:

2016 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում Բուրունդիի REMA հիվանդանոցի և Խաղաղության տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ մրցանակի առաջին դափնեկիր:

 

 

 

2017թ. «Ավրորա» մրցանակաբաշխությունը 3 օրվա փոխարեն կտևի ավելի քան 1 ամիս, Ջ. Քլունին կրկին կմասնակցի