Բեռլուսկոնիի մասին ֆիլմի նկարահանումները հետաձգվել են

09:51 • 30.11.16

Իտալացի հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Պաոլո Սորենտինոն հետաձգել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին ֆիլմի նկարահանումները՝ նախագիծն անվանելով «բարդ»:


«Ես ուզում էի Բեռլուսկոնիի մասին ֆիլմի համար սցենար գրել, սակայն դա շատ բարդ պատմություն է, իսկ ուզածդ ֆիլմը նկարահանելը միշտ չէ, որ ստացվում է»,-մեջբերում է The Hollywood Reporter–ը ռեժիսորի խոսքերը:


Աղբյուրը նկատում է, որ թեև Սորենտինոն չի հայտնել նախագծի հետաձգման պատճառը, այնուհանդերձ՝ չի բացառվում, որ նման որոշման համար հիմք է ծառայել այն փաստը, որ Իտալիայի հասարակությունը կորցրել է հետաքրքրությունը Բեռլուսկոնիի հանդեպ:


Չի բացառվում նաև, որ այժմ ռեժիսորը չափազանց զբաղված է իր նոր «Երիտասարդ Պապը» հեռուստատեսային նախագծով:


Նշենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին համարվում է Իտալիայի պատմության ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը, ում անունը բազմիցս շոշափվել է կոռուպցիոն և սեքսուալ բնույթի խոշոր սկանդալներում:

 

 

Բեռլուսկոնիի մասին ֆիլմի նկարահանումները հետաձգվել են