Ֆիլիպ Կիրկորովը պնդում է, որ ֆրանսիացի երգիչն իրենից փորձել է 1 մլն եվրո շորթել գրագողության մեղադրանքով

13:39 • 30.11.16

Համացանցի օգտատերերը քննադատել են ռուսական շոու բիզնեսի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին՝ ֆրանսիական Space խմբի մեներգիչ Դիդյե Մարուանիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:


Ինչպես նշում է lenta.ru-ն, օգտատերերի կարծիքով՝ Կիրկորովը չպետք է դրամաշորթության մեղադրանքով Մարուանիի դեմ դիմում ներկայացներ ոստիկանություն:


Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ Space խումբը Կիրկորովին մեղադրել էր գրագողության համար՝ պնդելով, որ երգչի «Жестокая любовь» հիթն իրականում իրենց Symphonic Space Dream երգի վերամշակված տարբերակն է:


Դրանից հետո Մարուանին ու նրա շահերը ներկայացնող փաստաբան Իգոր Տրունովը Մոսկվայում տարվել են ոստիկանություն: Հայտնի է, որ դրա համար հիմք է ծառայել Կիրկորովի գրած բողոքը, որում նա նշել է, որ ֆրանսիացի երաժիշտը փորձել է իրենից 1 մլն եվրո շորթել «Жестокая любовь» հիթի գրագողության համար:


Նոյեմբերի սկզբին Մարուանիի ներկայացուցիչն ասել էր, որ Կիրկորովն ընդունել է գրագողության փաստը, համաձայն որի իր կատարմամբ հնչող հիթը Space խմբի Symphonic Space Dream երգի վերամշակված տարբերակն է, ու երգիչը պատրաստ է փոխհատուցում վճարել:


Սակայն հարցը հանգիստ հարթելու փոխարեն, Կիրկորովը բողոք է գրել ոստիկանությունում: Երգչի   փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտարարել է, որ Մարուանին ու Տրունովը Կիրկորովից 1 մլն եվրո են պահանջել գրագողության հետ կապված տհաճ տեղեկությունը չտարածելու համար:


Gazeta.ru-ն հավելում է, որ ռուս հայտնի պրանկերներ Լեքսուսն ու Վովանը Կիրկորովի անունից զանգահարել են ֆրանսիացուն՝ ցանկանալով իմանալ, թե վերջինս ինչ պահանջներ ունի Կիրկորովի դեմ:


Պրանկերների պնդմամբ՝ Մարուանին ասել է, որ եթե Կիրկորովն ուզում է կոնֆլիկտին վերջ դնել, ապա պետք է իրեն «լուրջ առաջարկ» անի. հակառակ դեպքում երաժիշտը սպառնացել է Կիրկորովի դեմ դատական հայցեր ներկայացնել Ռուսաստանում և ԱՄՆ-ում:


Իսկ երբ խոսք է գնացել 1 մլն եվրոյի մասին, Մարուանին հայտարարել է, որ պատարաստ է  գումարը վերցնել ու հրապարակավ հայտարարել Կիրկորովի դեմ որևէ բողոք չունենալու մասին:


«Դրանից հետո մենք նամակագրությունը փոխանցել ենք Կիրկորովի թիմին, որպեսզի նրանք որոշեն՝ ինչպես վարվել Մարուանիի հետ՝ խաղաղությո՞ւն կնքել, թե՞ դատարան գնալ»,-նշել է պրանկերներից մեկը:


Հայտնի է, որ Մարուանին ու նրա փաստաբանն այժմ ազատության մեջ են: Ֆրանսիացի երաժիշտը հայտարարել է, որ այլևս երբեք չի գա Ռուսաստան:

Ֆիլիպ Կիրկորովը պնդում է, որ ֆրանսիացի երգիչն իրենից փորձել է 1 մլն եվրո շորթել գրագողության մեղադրանքով