Արքայադուստր Դիանայի` մինի կիսաշրջազգեստով քանդակի նախագիծը բողոքի ալիք է բարձրացրել լոնդոնցիների շրջանում

23:45 • 01.12.16

Բրիտանական մայրաքաղաքի Թրաֆալգար հրապարակում կարող է տեղադրվել արքայադուստր Դիանայի վիճահարույց քանդակը` նվիրված Լեդի Դիի մահվան 20-ամյա տարելիցին:

Ինչպես տեղեկացնում է The Daily Express-ը, արձանի նախագիծը դժգոհություն է առաջացրել բրիտանացիների շրջանում: 5 մետրանոց քանդակով Ուելսի արքայադուստրը պատկերվում է ձի հեծած` մինի կիսաշրջազգեստով և բարձրակրունկ կոշիկներով: Բացի դրանից՝ պատվանդանը ներկայանալու է շրջված ավտոմեքենայի տեսքով:

Լոնդոնցների կարծիքով` նման արձանն ուղղակի շոկի կենթարկի քաղաքի այցելուներին ու զբոսաշրջիկներին:

«Դա ամոթալի վիրավորանք է հանգուցյալ արքայադստեր նկատմամբ, որին բոլորն այդքան սիրում էին: Դա միջոցների անիմաստ վատնում է», - կարծում են լոնդոնցիները:

Արձան կանգնեցնելու մտահաղացումն ի հայտ է եկել, երբ արքայազն Հարին հայտարարել էր, որ ինքն ու Ուիլյամը կցանկանային, որ որևէ «հավերժական բան» հայտնվեր Լոնդոնում` իրենց մոր հիշատակին:

 

 

Արքայադուստր Դիանայի` մինի կիսաշրջազգեստով քանդակի նախագիծը բողոքի ալիք է բարձրացրել լոնդոնցիների շրջանում