Ամփոփվել է «ՆՈւՌ 2» համահայկական երիտասարդական գրական մրցույթը
Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «ՆՈւՌ 2» համահայկական երիտասարդական գրական երկրորդ մրցանակաբաշխությունը: Ծրագիրը նախաձեռնել էր «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը՝ Երևանի գրողների միության հետ համատեղ և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
«Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Կառլեն Խաչատրյանը նշում է, որ նախաձեռնելով այս մրցույթը՝ նպատակ են ունեցել խթանել երիտասարդների` մշակութային կյանքին մասնակցությունն ու նպաստել նրանց հոգևոր-մշակութային զարգացմանը: Ծրագրի հիմնական թիրախ խումբը գրական ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներն են, ովքեր այսօր ճանաչման, խրախուսման և ամենակարևորը հրատարակման խնդիր ունեն:
Սահմանվել է 3 անվանակարգ՝ յուրաքանչյուրում 3-ական մրցանակային տեղ: Սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած մասնակիցները ձեռնունայն չհեռացան. Բոլոր հեղինակներն էլ ստացան հավաստագրեր, նռան սիմվոլիկայով նվերներ, գրքեր, իսկ մրցանակայաին տեղեր զբաղեցրած մասնակիցներն այս ամենից զատ ստացան նաև փայտե ՆՈՒՌ:
Հիշեցնենք, որ միջոցառումը երկրորդ անգամ էր կազմակերպվում, առաջինը 2013թ.-ին էր: Կառլեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում փաստում է, որ ի զարմանս իրենց առաջին ծրագրից հետո, տեսնելով մասնակիցների շրջանում առաջացած ոգևորությունը և մասնագիտական շրջանակներից ստացված դրական արձագանքները, որոշում կայացվեց կրկին նման միջոցառում իրականացնել:
Մասնակիցները թեմատիկ սահմանափակում չեն ունեցել, ինչը հնարավորություն է տվել հեղինակներին ազատորեն ստեղծագործելու: Եվ վերջում հասարակական կազմակերպության նախագահը հույս հայտնեց, որ գրական նման ծրագրերը կլինեն ավանդական, և ավելի մեծ թվով երիտասարդների հնարավորություն կընձեռվի մոտ կանգնել մշակութային կյանքին:










