Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուսի» երկար ցանկում

14:10 • 05.12.16

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկար ցանկում: «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում հայտնվելու թեկնածուների ցանկը հրապարակվել է մրցանակաբաշխության կայքում:


Կարճ ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:


Հիշեցնենք, որ «Երկրաշարժը» ներկայացնում է Հայաստանը: Երկար ցանկում ներառված են նաև Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը, Մեքսիկան ներկայացնող «Ամայի քաղաքներ» ֆիլմը, Ղազախստանը ներկայացնող «Ամանաթը», Գերմանիան ներկայացնող «Թոնի Էրդմանը», Ֆրանսիան ներկայացնող «Նա» ֆիլմը, Իսպանիան ներկայացնող «Ջուլիետա» և «Մա մա» ֆիլմերը:


Անվանակարգում հայտնվելուն հավակնում են նաև Հունաստանից, Իրանից, Չիլիից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից ֆիլմեր: 


Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ռուսաստանաբնակ ռեժիսորը, խոսելով իր նկարած ֆիլմի մասին, ասել էր, որ կյանքի է կոչել իր երազանքը։ Կինոռեժիսորն ասել էր, որ ինքը դեռևս մանկության տարիներից հիշում է, թե ինչպես էին մարդիկ ամեն տարի դեկտեմբերի 7-ին հիշողությունների գիրկն ընկնում: Սարիկ Անդրեասյանը պատմել էր, որ բավական երկար են աշխատել ֆիլմի վրա, զրուցել են փրկվածների հետ, ականատեսների, անգամ՝ բժիշկների ու փրկարարների, այցելել են Գյումրի՝ ուսումնասիրելու տեղանքը, որպեսզի ժապավենը լինի ազդեցիկ ու արժանահավատ:

 

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուսի» երկար ցանկում