Բեյոնսեն ներկայացվել է «Գրեմմի-2017»-ի 9 անվանակարգում
Ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն եկող տարի կայանալիք «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության՝ ամենաշատ թվով անվանակարգերում (9 անվանակարգ) ներկայացված աստղն է, հայտնում է The Guardian-ը:
Նախկին տարիներին 20 «Գրեմմի» մրցանակի արժանացած Բեյոնսեն այս անգամ ներկայացված է «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ» կարևոր անվանակարգերում:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ 8-ական անվանակարգում են ներկայացված ռեփերներ Քանյե Ուեսթը, Դրեյքն ու երգչուհի Ռիհանան: Բրիտանուհի Ադելը ներկայացված է 5 անվանակարգում:
Հայտնի է, որ «Գրեմմի-2017»-ը կայանալու է փետրվարի 12-ին: Միջոցառումը վարելու է Ջեյմս Քորդենը:










