Ռուսաստանում սկսվել է «Հարի Փոթերը և անիծված զավակը» գրքի ռուսերեն տարբերակի վաճառքը

13:41 • 07.12.16

Ռուսաստանում վաճառքի է հանվել Հարի Փոթերի մասին նոր`«Հարի Փոթերը և անիծված զավակը» գրքի ռուսերեն թարգմանությունը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Կայքի հաղորդմամբ` գրքի թարգմանության հեղինակը Մարիա Սպիվակն է, իսկ խմբագիրը` Անաստասիա Գռիզունովան: Գիրքը բաղկացած է 464 էջից. մեկնարկային տպաքանակը կազմել է 150 հազար նմուշ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Հարի Փոթերի մասին ութերորդ պատմությունը գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգի` երկու մասից բաղկացած պիեսի տպագիր տարբերակն է:

Նշվում է, որ «Հարի Փոթերը և անիծված զավակը» գիրքը համաշխարհային վաճառքի է հանվել հուլիսի 31-ին, իսկ պիեսի պրեմիերան կայացել է դրանից մի օր առաջ` Լոնդոնի Palace թատրոնում: Ռուսաստանում գրքի անգլերեն տարբերակը հասանելի է եղել օգոստոսի սկզբից:

Ռուսաստանում սկսվել է «Հարի Փոթերը և անիծված զավակը» գրքի ռուսերեն տարբերակի վաճառքը