Առանց ազգային ժողովրդավարների ընդհանուր բանակի՝ ընտրություններին մասնակցելու ու հաղթելու ռեսուրս չունենք. Արշակ Սադոյան
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը 2017-ի ԱԺ ընտրություններին առանց ժողովրդավարների ընդհանուր բանակի մասնակցելու և արդյունք գրանցելու ռեսուրս չունի:
Սա ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի խոստովանությունն է, որը նա հայտնեց Tert.am –ի հետ զրույցում` ասելով. «Մենք մենակ չենք կարող, առանց ազգային ժողովրդավարների ընդհանուր բանակի` Վազգեն Մանուկյանի կուսակցության` ԱԺՄ, ԱԺԿ, ՀԺԱՄ-«մժամ»…»:
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն արդեն իսկ հայտարարել է, որ ԱԺՄ-ն չի մասնակցի 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, բայց շատ ուշադիր հետևելու են:
Նշենք նաև, որ այն ուժերը, որոնց մասին խոսում է Արշակ Սադոյանը` ասելով «ազգային ժողովրդավարների դաշինք», 2001 թվականին ԱԺՄ –ից տրոհված կուսակցություններն են` ԱԺԿ, ԱԺԴ, ՀԺԱՄ, որոնց հետ կապված ժամանակին`2011-ին, խոսվում էր հնարավոր ինչ-ինչ միավորման մասին, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Այն ժամանակ, դիտարկվում էր, որ միավորման «մերանը» լինելու է Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանը, ով մշտապես պահպանել է շփումները ԱԺՄ ղեկավարի հետ` հոգալով նաև կուսակցական որոշ ծախսեր:
Սակայն սա, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ։ Ավելին` նշված կուսակցությունները 2008- ից հետո քաղաքական դաշտում ակտիվ չեն, և կուսակցություններից առնվազն երկուսի ղեկավար են բարձրաստիճան պաշտոնյաներ. Շավարշ Քոչարյանը ՀՀ փոխարտգործնախարար է, Սեյրան Ավագյանը` ՎՊ խորհրդի անդամ:
Դիտարկմանը, թե այդ անձինք պետական ապարատում այլևս չինովնիկներ են, Արշակ Սադոյանը պատասխանեց`«Հա, իրենք, ոչ կուսակցությունը»:
Ամփոփելով` Արշակ Սադոյանն ասաց, որ այս հարցերի շուրջ «վերջնական պատասխան» չունի, իսկ եթե համագումար էլ լինի, ապա Նոր տարուց հետո:









