Թուրքիայի քրդամետները հայտարարել են, որ չեն մասնակցի կառավարման նախագահական համակարգի անցման վերաբերյալ խորհրդարանական քվեարկությանը
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ երկրի կառավարման նախագահական համակարգի անցման վերաբերյալ Սահմանադրության մեջ փոփոխության շուրջ խորհրդարանական քվեարկությանն իրենց խմբակցությունը չի մասնակցի: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Իրենց այս որոշումը Բիլգենը հիմնավորել է նրանով, որ կուսակցության երկու համանախագահներն ու 8 պատգամավոր դեռևս գտնվում են անազատության մեջ և զրկված են խորհրդարանական քննարկումներին ներկա գտնվելու ու քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում:
Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:










