Թրամփի դեմ կոմպրոմատի մասին զեկույցի հեղինակն օգնել է ՀԴԲ-ին բացահայտել ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը. Reuters
Բրիտանական հետախուզության (MI6) նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը, ում համարում են Ռուսաստանի ունեցած՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված կոմպրոմատի առկայության մասին վերջերս հրապարակված փաստաթղթի հեղինակ և ով ԶԼՄ-ներում իր անվան շրջանառությունից հետո անցել է ընդհատակ, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյին տեղեկություններ է տրամադրել միջազգային ֆուտբոլի ղեկավար մարմին ՖԻՖԱ-ում առկա կոռուպցիայի մասին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական հետախուզության նախկին պաշտոնյաների:
Նշվում է, որ Սթիլը տարիներ շարունակ աշխատել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:
ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքերով՝ միջազգային ֆուտբոլում առկա կոռուպցիայի հետ կապված նրա աշխատանքն է վստահություն ներշնչել Ռուսաստանի հետ կապված Թրամփի մասին նրա հաղորդումների հարցում:
Reuters-ի տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ 2010 թվականի ամռանը, ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների խումբը հանդիպել է Սթիլին Լոնդոնում՝ ՖԻՖԱ-ում հնարավոր կոռուպցիայի մասին պնդումները քննարկելու համար:
Սթիլի գործունեությանը ծանոթ մարդկանց համաձայն՝ Անգլիայի ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ Ֆուտբոլի ասոցիացիան, վարձել է նրա լոնդոնյան Orbis Business Intelligence ընկերությունը՝ ՖԻՖԱ-ի գործունեությունը հետաքննելու համար: Անգլիան այդ ժամանակ մրցում էր 2018 կամ 2022 թվականի Աշխարհի առաջնությունները հյուրընկալելու համար:
Կոռուպցիայի մեղադրանքների ալիքի ֆոնին, 2018 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ստացավ Մոսկվան, իսկ 2022 թվականինը՝ Քաթարը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի անդամները, որոնք հանդիպել էին Սթիլին, հետագայում խոշոր հետաքննություն սկսեցին ֆուտբոլում առկա կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ, որոնք հանգեցրին տասնյակ մեղադրական ակտերի՝ այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում կառույցի նախագահ Զեպ Բլատերը, ստիպված եղան հրաժարական տալ, գրում է Reuters-ը:










