Ժառանգության նիստն ընդհատվել է. վարչության անդամները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որտեղ պիտի հստակեցվեր, թե կուսակցությունն ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նիստից հետո ասաց կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վարչության նիստն ընդհատվել է, քանի որ վարչության անդամներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին:
«Ես անձամբ կողմ եմ, որ մենք գնանք մեր ցուցակով, առանձին»,-ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ կուսակցությունում ինքը համակիրներ ունի:
Հարցին, թե «Ժառանգությունում» շա՞տ են նրանք, որոնք չեն կիսում իր կարծիքը, Փոստանջյանը պատասխանեց, թե ժամանակը ցույց կտա: Պատգամավորը հայտնեց, որ մոտ օրերս վարչությունը նորից կհավաքվի և հարցը կդրվի բաց քվեարկության:
«Այդ ժամանակ կիմանանք, թե ով ինչպես քվեարկեց»,-հավելեց Փոստանջյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդհանուր համաձայնության չգալու դեպքում «Ժառանգությունն» առհասարակ չմասնակցի ընտրություններին, Փոստանջյանն ասաց, որ դա չի բացառվում:
Միաժամանակ վերջինս նշեց, որ ինքը դուրս չի գա կուսակցությունից, եթե մեծամասնության քվեարկությամբ որոշվի ընտրություններին Սեյրան Օհանյան- Վարդան Օսկանյան դաշինքով մասնակցել:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ 3 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել են կուսակցությունում առկա տարակարծությունները՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցելու վերաբերյալ:
«Շատ լավ է, որ Ժառանգությունում այդ տարակարծությունները կան, որովհետև մենք ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած կուսակցություն ենք: Այսօրվա մեր հավաքի գլխավոր նպատակը ստեղծված իրավիճակը վարչականներին ներկայացնելն էր: Լսեցինք նրանց կարծիքը: Ակնհայտ է, որ գլխավոր հարցերում համաձայնություն կա, բայց դետալներում խնդիրներ կան»,-ասաց Մարտիրոսյանը:
Tert.am-ի հարցին, թե մեծամասնությունը հակված է դաշինքո՞վ մասնակցել ընտրություններին, թե առանձին ցուցակով ՝ Արմեն Մարտիրոսյանը նախ պատասխանեց, որ կուսակցությունում հակված են երկրում ստեղծված իրավիճակը փոխել։
«Այդ ձևաչափի համար ակնհայտ է, որ պետք է համագործակցություն, և դա ակնհայտորեն պետք է ունենա որոշակի շրջանակ՝ թե որ հարցերի շուրջ պիտի համագործակցենք, հետընտրական շրջանում ինչ պիտի անենք: Այսինքն՝ դաշինքով մասնակցելու նախապատվություն կա, բայց որոշումը վերջնական չէ, որ կարող ենք միայն դաշինքով մասնակցել: Ցանկացած հնարավորություն մնում է՝ ինչպես դաշինքով մասնակցելը, այնպես էլ առանձին ցուցակով: Դաշինքով մասնակցելու համար կա որոշակի նախապատվություն, բայց այն կարող է վերջնական դառնալ, եթե մեր գործընկերների հետ գանք որոշակի համախոհության»,– ասաց նա:
Մանրամասներն դիտեք տեսանյութերում։









