Շմոլ գազից մահացած զինծառայողը տան միակ երեխան էր, հուլիսին զորացրվելու էր

15:51 • 17.02.17

Այսօր ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:

Tert.am-ի հետ զրույցում Գարեգինի մորաքրոջ աղջիկը պատմեց, որ երիտասարդը տան միակ զավակն է եղել, մայրն էլ տարիներ շարունակ նրան միայնակ է մեծացրել:

«Շատ խելացի, համեստ տղա էր Գարեգինը: Դրական անձնավորություն էր, հումորով: Մեծ էներգիա ուներ»,- պատմեց Լիլիթը:

Գարեգինի ազգականն ասաց, որ շուտով կլրանար նրա զորակոչման 2 տարին. հուլիսին Գարեգինը կզորացրվեր, եթե դժբախտ դեպքը տեղի չունենար:

Լիլիթի խոսքով՝ Գարեգինը մեծ ցանկությամբ էր զորակոչվել բանակ, չնայած՝ առողջական որոշ խնդիրներին:

«Տեսողության հետ կապված խնդիրներ ուներ: Ասկերանում էր ծառայում, սահման չէին տանում, աչքերի խնդրի պատճառով, թեթև տեսողական խնդիր էր, բայց ինքը դա խնդիր չէր համարում: Հարմարվել էր, սկզբում փոքր-ինչ խորթ էր, երևի ինչպես բոլորի համար, բայց հետո անցավ…»,- ասաց Լիլիթը:

Շմոլ գազից մահացած զինծառայողը տան միակ երեխան էր, հուլիսին զորացրվելու էր