Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու համար պետք է զարգացնել արհեստական բանականության բնագավառը. Հովհաննես Ավոյան
Վերջերս «արհեստական բանականություն» (ԱԲ) կամ «արհեստական ինտելեկտ» (Artificial Intelligence) տերմինը շատ է հանդիպում: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները անպայման անդրադառնում են այս թեմային: Այսօր ԱԲ-ի մասին զրուցում ենք հանրահայտ PicsArt ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ: PicsArt-ը լուսանկարների ֆոտոխմբագրման, կոլաժների պատրաստման առաջատար հավելված և սոցիալական ցանց է, որն ունի ավելի քան 300 միլիոն օգտատեր: Մինչ PicsArt-ի ստեղծումը պարոն Ավոյանը հիմնել է նաև ՏՏ ոլորտի այլ հաջողակ ընկերություններ: Նա արհեստական բանականության ոլորտում ակտիվ է դեռևս 90-ականներից, ունի աշխատանքի ու դասավանդման տարիների փորձ: Մեր հարցազրույցի ընթացքում Հովհաննես Ավոյանը կխոսի արհեստական բանականության գաղափարի շուրջ, կպատմի վերջինիս կիրառման դրսևորումների և ապագա զարգացումների մասին և կբացատրի, թե ինչպե՞ս է ԱԲ-ն փոխում տեխնոլոգիաների ոլորտը և ինչու՞ ՀՀ կառավարությունը՝ ձեռնարկատերերի հետ համատեղ, պետք է օգտվի ստեղծված նպաստավոր պայմաներից՝ ի շահ երկրի զարգացման և մրցունողականության բարձրացման։
-Պարո՛ն Ավոյան, կներկայացնեք, թե ի՞նչ է նշանակում արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում:
-Արհեստական բանականությունը կամ, ինչպես ասում են, արհեստական ինտելեկտը, երկար տարիներ համարվում էր «մեռած գիտություն», բայց վերջին շրջանում այն վերածնունդ է ապրում՝ արդեն իսկ զգալիորեն ազդեցություն թողնելով թե’ բիզնեսի ոլորտում և թե’ մեր առօրյա կյանքում: Վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 1 մլրդ դոլար ներդրում է արվել այս ոլորտի սթարթափ ընկերությունների մեջ. այդ ներդրումների թիվը տարեցտարի աճում է: Արհեստական բանականությունը, այնուամենայնիվ, մասնագիտական տերմին է, և հաճախ ոչ բոլորն են ամբողջությամբ պատկերացնում դրա էությունը: ԱԲ-ն այն է, ինչ մարդկանց փոխարեն «խելացի կերպով» կատարում են մեքենաները: Մեքենայական ուսուցումը ԱԲ-ի ուղղություններից մեկն է, որտեղ համակարգիչները կարող են ինքնուրույն «սովորել» և թաքնված օրինաչափություններ հայտնաբերել՝ հիմնվելով մեծաքանակ տվյալների վերլուծության վրա: Թեև ԱԲ գիտությունն ունի մի շարք այլ ենթաբնագավառներ, մեքենայական ուսուցումը դարձել է հիմնական ուղղություններից մեկը՝ տվյալների հավաքագրման գործընթացի հեշտացման և համակարգչային հնարավորությունների արագ զարգացման շնորհիվ:
-Որո՞նք են մեքենայական ուսուցման պրակտիկ կիրառումները:
-Մեքենայական ուսուցման ուղղության պրակտիկ դրսևորումները բավականին շատ են։ Դրանք տարածվում են օգտատերերի նախասիրությունների օրինաչափությունների բացահայտումից մինչև պատկերի մշակում, ինտերնետային գովազդից մինչև կիբերանվտանգություն, ֆինանսական ռիսկերի վերլուծությունից մինչև բժշկական դիագնոստիկա և այլն: Մեքենայական ուսուցման մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է նշեմ ևս մեկ հաճախ քննարկվող գաղափար՝ խոսքը նեյրոնային ցանցի մասին է, որը մարդկային ուղեղի նեյրոնների աշխատանքի սկզբունքի հիման վրա ստեղծված համակարգ է: Նեյրոնային ցանցը սովորաբար ներառում է մեծ թվով փոխկապված ու փոխհամագործակցող պրոցեսորների համակարգ։
-Ինչպե՞ս կարող են օգտատերերը առնչվել արհեստական բանականության հետ և համոզվել, որ սա ոչ թե հեռավոր ապագան է, այլ արդեն՝ ներկան:
-Մի պարզ օրինակ. 2015 թ.-ին Facebook-ի օգտատերերը մեկ րոպեում միջինում ուղարկել են 31,25 մլն հաղորդագրություն և դիտել՝ 2,77 մլն տեսահոլովակ: Facebook-ն այս արժեքավոր տվյալներն օգտագործում է արհեստական բանականության զարգացման համար և այն ներդնում իր պրոդուկտների մեջ: Դեմքերի ճանաչման ոլորտում Facebook-ն, օրինակ, կարող է ճանաչել նկարում առկա մարդկանց դեմքերի մոտ 97%-ը, եթե անձնական էջը օգտատիրոջ լուսանկարն է պարունակում։ Մեկ այլ օրինակ. թիրախավորված գովազդի շնորհիվ Facebook-ը ընտրում է, թե որ օգտատիրոջն ինչ տիպի գովազդ ցուցադրի: Անկախ իրենց կամքից՝ Facebook-ի, Google-ի, Amazon-ի (Alexa), Apple-ի (Siri) օգտատերերը առնչվում են արհեստական բանականության հետ: Կարող եմ նաև PicsArt-ի օրինակը բերել: Օրվա կտրվածքով PicsArt հավելվածում օգտատերերի կողմից իրականացվում է շուրջ մեկ մլրդ գործողություն, իսկ ամսական բեռնվում է մոտ 100 մլն նկար: Այս տվյալները մենք ԱԲ-ի օգնությամբ վերլուծում ենք՝ մեր օգտատերերի նախասիրությունները հասկանալու և ըստ այդմ՝ հավելվածը բարելավելու համար։
-Հիմա հասկանալի է՝ կարելի է ասել, որ կյանքն անհնար է առանց արհեստական ինտելեկտի: Այս թեմայի շուրջ նաև շատ միֆեր և նախազգուշացումներ են տարածվել: Օրինակ՝ ճ՞իշտ է արդյոք, որ ռոբոտների պատճառով մոտ ապագայում աշխատատեղեր կկրճատվեն:
-Եվ՛ այո, և՛ ոչ: Ըստ հետազոտությունների՝ շուրջ 350 մլն արտադրական և պահեստային աշխատողներ աշխատանքից կզրկվեն: Իհարկե, կան այնպիսի մասնագիտություններ, որոնք ավելի արդյունավետ կերպով և ցածր արժեքով կարելի է փոխարինել ռոբոտներով: Օրինակ՝ Amazon-ի պահեստում այսօր արդեն աշխատում է շուրջ 30 հազար ռոբոտ: Սակայն, հարկ է նշել, որ մեքենաները կատարում են մարդկանց աշխատանքի մի մասը, նրանք միաժամանակ նաև նոր աշխատատեղերի պահանջարկ են ստեղծում: Մի շարք փորձագետներ ԱԲ դարաշրջանը համեմատում են էլեկտրականության զարգացման դարաշրջանի հետ: 19-րդ դարի վերջում էլեկտրականությունը փոխեց մեր կյանքի և տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Այն ազդեց աշխատանքի արտադրողականության աճի վրա և դարձավ երկրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական ուժը: ԱԲ-ն նույնպես կփոխի մեր կյանքը, տնտեսությունը՝ տանելով մեզ դեպի չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան: ԱԲ-ն կարող է կիրառվել գրեթե բոլոր ոլորտներում և նպաստել արտադրողականության ու կյանքի որակի աճին: Այն երկրները և ընկերությունները, որոնք արագ զարգացնում և ներդնում են ԱԲ-ն իրենց գործունեության մեջ, անկասկած մրցակցային առավելություններ կունենան ապագայում:
-Ասացե՛ք խնդրեմ, ինչպե՞ս կարող է Հայաստանը մրցակցային առավելություն ձեռք բերել արհեստական բանականության միջոցով:
-Հայաստանը բարձրորակ ռեսուրսներ և մեծ ներուժ ունի բնական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտում, որոնք պիտի ակտիվորեն ներգրավվեն ԱԲ և մեքենայական ուսուցման ասպարեզում, ոլորտի համար համապատասխան հմտությունների զարգացման և այն տարբեր ոլորտներում ներդնելու ուղղությամբ։ Պետությունը և մասնավոր սեկտորը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն ԱԲ-ն առողջապահության, ֆինանսաբանկային համակարգի, տրանսպորտի, արտադրության, անվտանգության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում ներդնելու համար: Ի դեպ՝ մրցունակ լինելու համար պետք է գործել հենց հիմա, քանի դեռ հնարավորություն ունենք: Ավելին՝ ԱԲ ոլորտի զարգացումը մեր միակ հնարավորությունն է համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար:
ԱԲ ոլորտում կան բազմաթիվ հաջող օրինակներ, որոնք կարող են զարգանալ և կիրառվել Հայաստանում: Օրինակ՝ ֆոնդային բորսաներում արդեն ավելի շատ ռոբոտներ են աշխատում, քան մարդիկ: ԱԲ-ն արագ տեմպերով ներխուժում է նաև ապահովագրության և առողջապահության ոլորտ, որտեղ պահանջվում է մեծաքանակ տվյալների վերլուծություն: Շատ ընկերություններ այսօր արդեն փորձարկում են «խելացի» անհատական օգնականների գաղափարը, որը կարող է իրական օպերատորի պես շփվել հաճախորդների հետ:
Բացի այդ, ակտիվորեն զարգանում է նաև ինքնակառավարվող մեքենաների արտադրությունը: Uber ընկերությունն արդեն փորձարկում է դրանց կիրառումը ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում: 2020 թվականին ինքնակառավարվող մեքենաները կփոխարինեն տաքսիների վարորդներին: Ցավոք, կլինեն նաև կորուստներ. ԱՄՆ-ում 5 մլն մարդ աշխատում է այդ ոլորտում և ուրեմն՝ տաքսիների, ավտոբուսների և բեռնատար մեքենաների վարորդները կկորցնեն իրենց աշխատանքը: Ժամանակի ընթացքում նույն իրավիճակը կստեղծվի նաև ամբողջ աշխարհում: Այդուհանդերձ՝ շնորհիվ ԱԲ-ի կստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր: Մարդիկ պարզապես պետք է հմտանան այնպիսի մասնագիտություններում, որոնք հասու չեն ռոբոտներին:
Տեխնոլոգիաների և ԱԲ-ի ներդրմամբ, մասնավորապես՝ մասնագիտացված դպրոցների և կրթական ծրագրերի ստեղծմամբ, Հայաստանը տնտեսությանը զարգացնելու բացառիկ հնարավորություն է ձեռք բերում: Խրախուսելով ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների աճը և զարգացումը, մենք կարող ենք դառնալ միջազգային շուկայի առաջատար, և այդպիսով բարձրացնել Հայաստանի վարկանիշը: Նման էկոհամակարգի ձևավորման շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ ԱԲ ոլորտի համաշխարհային առաջատար:
Այնպիսի ընկերություններ, ինչպես PicsArt-ը, արդեն իսկ նպաստում են Հայաստանի ԱԲ ոլորտի զարգացմանը: Մենք ակտիվորեն մասնակցում ենք Հայաստանում այս ոլորտի ձևավորման գործընթացին, իրականցում մի շարք դասընթացներ, աշխատում կրթական հաստատությունների հետ, որպեսզի մրցունակ մասնագետներ պատրաստենք: Վերջերս Microsoft ընկերության հետ համատեղ անցկացրել ենք շատ հաջողված հաքաթոն, որի շրջանակներում մեր առաջատար ինժեներներն ու դիզայներները ընդամենը 24 ժամվա ընթացքում ստեղծել են տպավորիչ ԱԲ պրոդուկտներ: PicsArt-ը կարող է Հայաստանում ԱԲ տեխնոլոգիաների և նոր հմտությունների ներդրման շարժիչ ուժ լինել։
Ներբեռնեք PicsArt հավելվածը iOS, Android և Windows հեռախոսների համար։










