Մենք արդեն համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ ենք դրել. Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ քարոզարշավի մեկնարկին

17:05 • 05.03.17

Այսօր՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին, Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը ներկայացեց իրենց նախընտրական պլատֆորմը։ «Մենք՝ ի տարբերություն շատ-շատերի, գաղափարախոսություն, ծրագիր, արժեհամակարգ, փորձառություն ունեցող կուսակցություն ենք։ Սկսում ենք՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։ Մեզ համար արդարությունը հիմքերի հիմքն է»,- ասաց նա և նշեց, որ արդար Հայաստանն ազատ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ, զարգացող, ինքնիշխան, բարեկեցիկ, իրավունքի Հայաստանն է, ինչին իրենք հասնելու են։

«Մենք արդեն երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ ենք դրել։ Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք»,- հայտարարեց նա:


Անդրադառնալով ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերին, որոնց բացի ՀՅԴ-ից  չորս դաշինք ու չորս կուսակցություն է մասնակցում, մի քանի հարց ուղղեց: «Ուշադիր նայեք ու ասեք՝ արդյոք միակ իրական կուսակցությունը Դաշնակցությունը չէ՞։ Մասնակից ուժերից ո՞րն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի կուսակցություն չէ։ Որ ուժն է, որ ներկա է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ու աշխարհի 30-ից ավելի երկրներում։ Որ ուժն է, որ հետևողական է, չի շեղվել իր սկզբունքներից, ամբոխավար չէ, մարմնավորում է և՛ հայ զինվորին, և՛ աշխատավորին, և՛ մտավորականին։ Որ ուժն է, որի ապագա խմբակցությունը նոր Ազգային ժողովում բացառված է, որ քայքայվի, տարբեր մասերի բաժանվի»: Նա կոչ արեց մտքում պատասխանել այս հարցերին և  ընտրությունը ակնհայտ կդառնա։ «Դաշնակցությունն է Ձեր կուսակցությունը։ Դաշնակցության գաղափարները հաղթելու են։ Հաղթելու է Հայաստանը»,- հավելեց նա:

 

 

 

Մենք արդեն համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ ենք դրել. Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ քարոզարշավի մեկնարկին