«Ռոսպոտրեբնադզորն» Անթալիայում պայմանները վտանգավոր է ճանաչել զբոսաշրջիկների համար
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը վտանգավոր է ճանաչել Թուրքիայում՝ Անթալիայի շրջանում, զբոսաշրջիկների համար պայմանները: Այդ որոշումը համաձայնեցվել է երկրի ԱԳՆ-ի հետ, փաստաթուղթն ուղարկվել է զբոսաշրջության հարցերով «Ռոստուրիզմ» դաշնային գործակալություն: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գերատեսչությունում աղբյուրը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայում աճում է Կոկսակի վիրուսով հիվանդ զբոսաշրջիկների թիվը, տասնյակ հանգստացողներ ստիպված են եղել դադարեցնել իրենց հանգիստը: «Ռոսպոտրեբնադզորն» այդ առնչությամբ «թեժ գիծ» է բացել: Թուրքիայի առողջապահության նախարարությունը հերքել է համաճարակի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները և դրանք սպեկուլյատիվ է անվանել:
«Ռոսպոտրեբնադզորը» որոշում է կայացրել, որ Թուրքիայի Անթալիայի շրջանում պայմաններն անվտանգ չեն ռուս զբոսաշրջիկների առողջության համար: Փաստաթուղթն ուղարկվել է «Ռոստուրիզմ»,- ասել է զրուցակիցը:
Կոկսակին էնտերովիրուս է, որի նկատմամբ խոցելի են մասնավորապես փոքր երեխաները: Այն փոխանցվում է ջրի, կոնտակտակենցաղային և օդակաթիլային ճանապարհով: Վիրուսը կարող է ախտահարել մարդու մի շարք օրգաններ և հյուսվածքներ:
Հայաստանի առողջապահության նախարարարությունը տեղեկացրել է, որ հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր:










