Պռոշյանում հայտնաբերված նորածին աղջկան ցանկանում է որդեգրել Սահմանադրական դատարանի գլխավոր մասնագետներից մեկի ընտանիքը

Օգոստոսի 12-ին Պռոշյան համայնքում ծառի տակ հայտնաբերված երեխային որդեգրել ցանկացող կա: Նա Սահմանադրական դատարանի գլխավոր մասնագետ է, ՍԴ իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Խաչիբաբյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Խաչիբաբյանը,հավելելով, որ այս հարցով այսօր գնացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
«Ես 2014 թվականից մեր ընտանիքի՝ իմ և ամուսնուս կողմից դիմում և համապատասխան փաստաթղթեր եմ ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Մեր փաստաթղթերը համապատասխանում են օրենքի պահանջին և մենք իրավունք ունենք երեխա որդեգրելու: Նախարարության տրված տեղեկանքի համաձայն իմ հերթագրման համար 2014-ին եղել է թիվ 79-ը: Քանի որ փաստաթղթերի վավերականության ժամկետը մեկ տարի է, յուրաքանչյուր տարի մենք ներկայացնում ենք մեր փաստաթղթերը: 2016-ին այդ թիվը եղել է 159»,– ասաց նա:
Հարցին, թե եթե փաստաթղթերը համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին , ի՞նչ պատճառով գրեթե չորս տարի չի հաջողվել երեխա որդեգրել, Մարիամ Խաչիբաբյանն ասաց.« Ւնձ ասում են, որ առողջ երեխա չկա, բոլորը հիվանդ են, իսկ ես ցանկանում եմ առողջ երեխա, նորածնից մինչև հինգ տարեկան տարիքի, որպեսզի գոնե ես իմ ձեռքով կարողանամ իմ երեխային նախապատրաստել դպրոցին: Ինձ ասում են հիվանդ երեխաներ են, սակայն հետո իմանում եմ, որ լավ էլ առողջ երեխաներ կան»:
Մարիամ Խաչիբաբյանն ասաց, որ այժմ փաստաթղթերն է պատրաստում օրենքով սահմանված կարգով Կոտայքի մարզպետարան դիմելու համար, քանի որ երեխան գրանցված է լինելու այնտեղ.«Հիմա ես ցանկանում եմ որդեգրել այդ երեխային, ես օգոստոսի 17-ին գնալու եմ Կոտայքի մարզպետարան, որպեսզի դիմում ներկայացնեմ, որ ես ու ամուսինս ցանկանում ենք որդեգրել այդ երեխային»:
Կոտայքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ժամը 14։00-ի դրությամբ երեխային որդեգրելու համար գրավոր դիմում ներկայացնող չի եղել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա էր հայտնաբերվել, ում տեղափոխել էին հիվանդանոց:









