Ամենահզոր բանակների ցանկ հրապարակած Global Firepower-ի հեղինակներն իրենք են նշել, որ կայքը «ժամանցային նշանակության է». Տարոն Հովհաննիսյան
Երկրների զինված ուժերի՝ Global Firepower վարկանիշային աղյուսակը կազմող կայքում որևէ կերպ ներկայացված չէ, թե ինչ մեթոդաբանությամբ են հաշվում այդ վարկանիշները:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերոնշյալ կայքի հրապարակած՝ աշխարհի ամենահզոր բանակների վարկանիշային ցանկին։
Հարցին, թե որքանո՞վ են հավաստի ներկայացված տվյալները՝ վերլուծաբանը պատասխանեց. «Այնտեղ միայն նշում են, որ 50 գործոն են հաշվի առնում, դրանք թվարկում են ու միայն այդքանը. ի՞նչ մեթոդաբանությամբ է գնահատվում, ինչքանո՞վ է այս կամ այն գործոնը կարևոր կամ անկարևոր համարվում կոնկրետ երկրի դեպքում, ինչքանո՞վ են հավաստի այն տվյալները, որոնց վրա հիմնվում են վերլուծելիս, այդ մասին խոսք չկա:
Նա հավելեց, որ կայքի հեղինակները հենց իրենք դեռևս կես տարի առաջ նշել են, որ կայքի բովանդակությունը «ժամանցային նշանակության է»: Այսինքն՝ հավակնություն չունեն գիտական կամ վերլուծական աղբյուր համարվելու, և կայքն ընդհանրապես նախատեսված է ընթերցողներին գովազդ վաճառելու համար:
«Այսօր էլ, թեպետ փոխել են ձևակերպումները, բայց հենց առաջին էջում գրած է, որ. «Ամբողջ նյութը ներկայացված է առանց որևէ երաշխիքի»: Այս պահի դրությամբ կարելի է հստակ պնդել, որ այս տվյալները լուրջ չեն, ուղղակի ուշադրություն գրավելու և կայք այցելուներ բերելու համար են»,-եզրափակեց վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ ըստ այդ հետազոտության՝ աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում Իրանը զբաղեցրել է 21-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 93-րդ տեղը: Հայաստանին հետևում են Բահրեյնը, Լիտվան ու Տանզանիան: Նշվում է, թե գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը, այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում: Հաշվի են առնվել նաև երկրի աշխարհագրական դիրքը, լոգիստիկ ճկունությունը և բնական պաշարների ծավալը:










