Զիդանը սկսել է լուրջ փոփոխություններ մտցնել Կլերֆոնտենի ուսումնամարզական բազայի առօրյայում

16:45 • 26.09.26

Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը սկսել է լուրջ փոփոխություններ մտցնել Կլերֆոնտենի ուսումնամարզական բազայի առօրյայում՝ թիմում սահմանելով նոր, կարգապահական կանոններ։

Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, ֆրանսիացի մասնագետն արգելել է ֆուտբոլիստների անձնական վարսավիրների մուտքը հավաքականի ճամբար։ Ավելին, հավաքի մեկնարկից հետո կողմնակի անձանց մուտքը բազա այսուհետ խստագույնս արգելվելու է։

Թեև նման արգելքը փոքր-ինչ զավեշտալի է հնչում մի մարզչի կողմից, որը վաղուց աչքի չի ընկնում «ճոխ սանրվածքով», սակայն այս որոշումն ունի հստակ տրամաբանություն։ Զիդանը պահանջում է, որ խաղացողները կենտրոնանան բացառապես ֆուտբոլի և Ազգերի լիգայում հաղթելու գլխավոր նպատակի վրա, այլ ոչ թե անհանգստանան իրենց արտաքին տեսքով։

Հիշեցնենք, որ Զիդանն այս պաշտոնում փոխարինել է Դիդիե Դեշամին, որը «եռագույններին» գլխավորում էր վերջին 14 տարիների ընթացքում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի և Ազգերի լիգայի հաղթողի տիտղոսները։ Զիդանի համար սա ազգային հավաքականի մակարդակով մարզչական աշխատանքի առաջին փորձն է։

Հավելենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ֆրանսիայի հավաքականն արդեն անցկացրել է իր անդրանիկ հանդիպումը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ՝ Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի առաջին տուրում նվազագույն՝ 1-0 հաշվով պարտության մատնելով Թուրքիայի ընտրանուն։

Աղբյուրը`ArmSport.am