Վարդենիսի քաղաքապետն այնպիսի մարդ է, որ ամբողջ քաղաքը գնում է իրենց տուն՝ փող ուզելու. վարդենիսցիները համոզված են՝ քաղաքապետը վերընտրվելու է (տեսանյութ)
Գեղարքունիք մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները համոզված են, որ գործող քաղաքապետ, հանրապետական Վոլոդյա Խլոյանը վերընտրվելու նոյեմբերի 5-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում:
«Մեր Խլոյանը երկար տարվա աշխատող է, նորմալ աշխատում է, ոչ մի բողոք չունեմ: Նա այնպիսի մարդ է, որ իրիգունը մտնում է տուն, սաղ քաղաքն իրանից փող է ուզում, իրեն նեղություն են տալիս, բոլորի խնդրանքները սիրով կատարում է»,- նշեց Վարդենիսի բնակիչներից մեկը:
Գրեթե բոլորը կրկնում էին, որ գործող քաղաքապետը իր հնարավորությունների սահմանում շատ գործեր է արել քաղաքի համար՝ փողոցների վիճակը բարվոք է, մշտապես ապահովվում է մաքրությունը: Սակայն ակնհայտ երևում էր, որ քաղաքում ամեն տեղ աղբ է թափված, իսկ փողոցների վիճակի մասին ավելորդ է խոսելը:
«Նա արժանիքներ շատ ունի, պետք է ընտրվի, ոչ ոք չի կարող գալ և նրա գործը շարունակել: 100 տոկոս գործող քաղաքապետը նորից ընտրվելու է»,- ասաց մեկ այլ վարդենիսցի:
Tert.am-ը նաև փորձեց Վարդենիսի առաջիկա անելիքների մասին խոսել քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ, բայց վերջինս հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ քաղաքում չէ:
Նշենք, որ Վոլոդյա Խլոյանը 2008թ. մինչ օրս Վարդենիսի քաղաքապետի պաշտոնում է: Մինչ այդ՝ 1998-2004 թթ. նա կրկին գլխավորել է Վարդենիսի քաղաքային իշխանությունը:
Հիշեցնենք նաև, որ 2017թ. նոյեմբերի 5-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և Արարատ մարզի Արտաշատ և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:










