Բյուջեով 56,3 մլրդ դրամից 43-ը Երևանին եք հատկացնում, մնացած մարզերի համար է, տակը ի՞նչ է մնում. Վարդան Ղուկասյան` փոխնախարարին
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին շարունակվում է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
«Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչու են բյուջեով միշտ Երևանին շատ գումար հատկացնում:
«56,3 մլրդ դրամից 43 մլրդը Երևանին եք հատկացնում, մնացած մարզերի համար տակը ի՞նչ է մնում»,- ասաց նա և նկատեց, թե դոտացիան սխալ է բաշխվում, դրա համար էլ մարզերից ավելի շատ են արտագաղթում, քանի որ այնտեղ պայամնները վատ են:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե իրենց գնահատմամբ դժվար է մի քիչ շատ կամ քիչ դատողություն անել, քանի որ բյուջեն կազմում են համահարթեցման դոտացիայի օրենսդրության պահանջներից ելնելով:
«Օրինակ` մետրոպոլիտենի համար է նախատեսված այսքան գումար և չենք կարող այդ գումարն այլ տարածաշրջանների համար ուղղել: Կամ Երևանում դպրոցների համար հատկացվող միջոցները չենք կարող այլ տարածաշրջաններ տեղափոխել: Դրանք Երևանին բնորոշ ծրագրեր են, դրա համար էլ պատվիրակվել են Երևանին: Դրա համար գնահատական տալ շատ է, թե քիչ, պետք է առաջնորդվել օրենսդրությամբ»,-ասաց նա:
Վարդան Ղուկասյանը նշեց, որ տեղյակ է, թե դոտացիան ինչ մասնաբաժնով է բաժանվում համայնքներին և կողմնակից են տասն անգամ ավելին Երևանին տալ, թեկուզ քսան, բայց պետք չէ անտեսել մարզերը: «Մի քիչ էլ կողքերը նայեք, ինչքա՞ն կարող ենք լսել, որ սոցիալապես անապահով խավը Շիրակում է»,-ասաց նա:










