Արագածոտնում նախկին մարզպետը Սերժ Սարգսյանի անունից ահաբեկում է մարդկանց, որ իր ուզած թեկնածուին ձայն տան. Ծաղկահովիտի համայնքապետ

16:26 • 05.11.17
Արագածոտնում նախկին մարզպետը Սերժ Սարգսյանի անունից ահաբեկում է մարդկանց, որ իր ուզած թեկնածուին ձայն տան. Ծաղկահովիտի համայնքապետ

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը Սերժ Սարգսյանի անունից ահաբեկում է մարդկանց, որ իր ուզած թեկնածուին ձայն տան: Այս մասին Tert.am-ին ասաց Ծաղկահովիտի գործող համայնքապետ Նորային Հակոբյանը:  

«Բոլորն էլ գիտեն, գյուղերում էլ գիտեն, ժողովուրդն էլ գիտի, որ նախկին մարզպետը գալիս է, բոլորին ահաբեկում է, թե նախագահը այսպես է ասել, այնպես է ասել, ոնց որ այդ նախագահը մեր նախագահը չէ, մեր հարազատ մարդն է, մեր նախագահն է: Այդ նախագահը բոլորինս է, ոչ թե միայն Սարգիս Սահակյանինը»,-զայրացած պատմեց Ծաղկահովիտի գյուղապետը:

Նրա խոսքով՝ արդեն 20 օր է, ամեն օր գալիս է դպրոցի տնօրենին է ահաբեկում, աշխատողներին է վախեցնում, հիմնարկների աշխատողներին է վախեցնում, գրիչներ է բաժանում: «Ասում է, եթե դուք ձայն չտվեցիք այսինչ մարդուն, գործից կազատվեք, նախագահի անունից է ասում: Այս ինչ բարքեր են իշխում այստեղ, ես չեմ հասկանում»:

Նա նշեց նաև, որ Սարգիս Սահակյանն իր համախոհներով ընտրատեղամասում նստած է, Աշտարակի քաղաքապետին է բերել, գյուղապետերի է բերել:

«Ես շատ գիտեմ՝ ում է բերել, այստեղի ընտրողները հասկանում են, որ դրսի մարդն այստեղ գտնվելու իրավունք չունի: Այդ մարդկանց բերում է, ահաբեկում են, գրպաններից ես չգիտեմ ինչեր են հանում, հավես էլ չեմ անում էդ մասին խոսեմ: Կաշառք: Հերիք է էլի, այս տարածքը փչացրել է: Ժողովրդին եկեք, հարցրեք, տեսեք ինչեր կպատմեն»,-նշեց Նորային Հակոբյանը:

Նա նշեց, որ այդ ամենը Հանրապետական կուսակցության երիտասարդ թեկնածուին  անցկացնելու համար է: «Վատ տղա չէ, այդ տղայի անվան հետ է խաղում»: