Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

11:43 • 14.10.26

Այս տարվա նոյեմբերի 1–ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվի նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Նպատակն է ապահովել ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։ 

Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․

  • կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,
  • հիգիենայի միջոցներ,
  • հեծանիվ,
  • ծխախոտի փոխարինիչներ,
  • կենցաղային ապրանքներ,
  • լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,
  • դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,
  • կոշկեղեն, խաղալիքներ,
  • ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,
  • բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,
  • բնական մորթուց հագուստի առարկաներ։

ՊԵԿ–ից նշում են, որ փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ 

«Փորձարկումը կընդգրկի դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ շղթան՝ դրոշմավորման ծածկագրերի պատվիրումից մինչև ապրանքների շրջանառությունից դուրսբերումը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կոմիտեից վստահեցնում են, որ ծրագրերի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ապահովել Հայաստանում ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։ 

Ըստ ՊԵԿ–ի, այս թվային համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ կարգավորումների ներդաշնակեցմանը, ապրանքների տեղաշարժի պարզեցմանը, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների զարգացմանը։