Զելենսկին այլևս չունի որևէ ապագա․ նա մնում է այնքան, որքան նրան կպահեն ՌԴ–ն, Չինաստանն ու ԱՄՆ-ն․ Հակոբ Բադալյան
Մենք չենք դադարել հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ, ասում է Դոնալդ Թրամփը, որը Զելենսկուն մեղադրում է իրեն չլսելու եւ ՌԴ նավթավերամշակման գործարաններին խփելու համար։ Ինչպես հայտնի է, Թրամփը ամերիկացիներին ասում է, որ դիզվառելիքը թանկ է ոչ թե Հորմուզի նեղուցի խցանման պատճառով, այլ ՌԴ գործարաններին Ուկրաինայի հարվածների։ Զուգահեռ, նա ՌԴ հետ գործարք է կնքում վառելիքի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞ւ չդադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը։ Զելենսկին այլեւս չի կարող արդյունավետ հարվածել ՌԴ գործարաններին եւ գինը կիջնի։
Ամբողջ հարցն այն է, որ գինը չի իջնի։ Վառելիքի բարձր գնի պատճառը եղել է Իրանի դեմ պատերազմը։ Բայց Թրամփը դա չի կարող խոստովանել, հետեւաբար պետք է փնտրի եւ գտնի այլ պատճառ։ Ու գտել է՝ «Զելենսկին հարվածում է ու ինձ չի լսում»։ Սա իհարկե մտածող մարդկանց մոտ կառաջացնի քմծիծաղ, բայց ամերիկյան էլեկտորատի ճնշող մեծամասնությունը առանձնապես չի ցանկանում մտածել, համարելով, որ մտածելու ավելի կարեւոր բաներ կան։ Նա լսում է, որ Թրամփը հանուն իրեն փորձում է պայմանավորվել Պուտինի հետ, բայց ահա՝ Զելենսկին խանգարում է։
Դա կօգնի՞ Թրամփին հաղթել։ Դժվար է ասել։ Բայց Թրամփի համար շատ կարեւոր է առավելագույնս չեզոքացնել իրանյան գործողությունների «ընկալման ազդեցությունը»։ Մնացյալը, կտեսնենք։ Ի վերջո, չմոռանանք, որ Թրամփը մի բավականին կարեւոր հաղթանակ տարավ Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ընդառաջ։ Գերագույն դատարանը ճանաչեց ընտրացուցակների այսպես ասած զտման, ֆիլտրման նրա վարչակազմի նախաձեռնությունը, ինչը թույլ կտա դրանցում բացառել ոչ քաղաքացիների անկանոն ներգրավումը։ Իսկ դա ռեսուրս է եղել դեմոկրատների ձեռքին եւ Թրամփը միշտ հայտարարել է, որ այդ կերպ թույլ է տրվում կեղծիք։
Այս ամենում շատ հատկանշական է Զելենսկու դերը։ Նա մի կողմից «քավության նոխազ» է Թրամփի համար, մյուս կողմից Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինային պետք է նոր նախագահ, որը կհամաձայնի խաղաղության։ Մյուս կողմից, հնարավոր է, որ դա էլ «ժանրի կանոն» է եւ իրականում Թրամփը ամենեւին չի դնում Ուկրաինայում նոր ընտրության խնդիր։ Բայց բոլոր դեպքերում անկասկած է, որ Զելենսկին այլեւս չունի որեւէ ապագա, որեւէ հեռանկար։ Նա մնում է այնքան, որքան նրան կպահեն ՌԴ–ն, Չինաստանն ու ԱՄՆ։
Իսկ այստեղ մոտենում է բավականին վճռորոշ պահ՝ Ասիախաղաղօվկիանոսյան գագաթնաժողովը Չինաստանում, նոյեմբերին, որտեղ սպասվում է Պուտին, Թրամփ, Ցզինպին հանդիպում»,-նշել է նա։














