Էրդողանը սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ

15:20 • 05.12.17

ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը հանգեցնել: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «РИА Новости»-ն:

«Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար: Նման որոշումը ծանր հարված կլինի ամբողջ մարդկության համար: Մենք սա այսպես չենք թողնի: Ամերիկան էլ խնդիրներ չունի՞, միայն սա՞ է մնացել: Մենք կպայքարենք մինչև վերջ: Կարող է հասնել նույնիսկ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուն: Ես ևս մեկ անգամ նախազգուշացնում եմ Ամերիկային, որպեսզի նա քայլեր չանի, որոնք ավելի կխորացնեն ճգնաժամը տարածաշրջանում», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին:

Էրդողանը հավելել է, որ եթե Երուսաղեմը ճանաչվի Իսրայելի մայրաքաղաք, ապա «առաջիկա 5-10 օրում Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարները կհավաքվեն Ստամբուլում և շարժման մեջ կդնեն ամբողջ մահմեդական աշխարհը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մոտ օրերս կհայտարարի, թե արդյոք Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք: 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարել: Պաղեստինյան կողմը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ Երուսաղեմի ճանաչումը կբերի արաբա-իսրայելական հակամարտության սրման և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման:

Էրդողանը սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ