Թուրքիայում արևմտահայերենով վերահրատարակվել է Զաբել Եսայանի հայտնի վեպերից մեկը

17:28 • 15.12.17

Թուրքիայում արևմտահայերենով հրատարակվել է պոլսահայ գրող Զաբել Եսայանի հայտնի վեպերից «Սպասման սրահին մեջ»-ը, որը լույս է ընծայվել Ստամբուլում գործող «Արաս» հրատարակչության կողմից:

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1903 թվականին Ստամբուլի հայկական «Ծաղիկ» ամսագրում՝ հատվածաբար: Պոլսահայ հայտնի գրողի այս վեպը ներառում է Եսայանի՝ Փարիզում անցկացրած տարիներից որոշակի դրվագներ:

Գիրքը, որի խմբագրությամբ զբաղվել է ժամանակակից պոլսահայ լեզվաբան և մտավորականներից Սևան Դեյիրմենջյանը, արդեն ներկայացվել է հայալեզու ընթերցողին հրատարակչության պաշտոնական կայքում: 

Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլի հայաշատ Սկյուտար թաղամասում, ուսանել է Ստամբուլում և Փարիզում, եղել է Թուրքիայում բարձրագույն կրթություն ստացած առաջին կանանցից մեկը:

1909 թվականին մեկնել է Կիլիկիա, այնուհետ «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Եսայանը Կիլիկիայի հայության այս ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, ինչպես նաև «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։

1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, ավելի ուշ Եղեռնի մասին հիշողություններ է հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում:

1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները։ 1926 թվականին այցելել է Հայաստան: 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936 թվականին Գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։ Նրա կյանքի ողբերգական ավարտը՝ Բաքվի բանտում ողբերգական մահվան հանգամանքները, մինչ այժմ անհայտ են մնում։

 



Թուրքիայում արևմտահայերենով վերահրատարակվել է Զաբել Եսայանի հայտնի վեպերից մեկը