«Աստղային պատերազմների» նոր սերիայի նախապրեմիերային ցուցադրությունը 45 մլն դոլար է հավաքել
«Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմը, որը հանրահայտ ֆիլմաշարի 8-րդ մասն է, նախապրեմիերային ցուցադրության օրը Հյուսիսային Ամերիկայում 45 մլն դոլար է հավաքել՝ ռեկորդների ցուցակում զբաղեցնելով երկրորդ տեղը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հրապարակել է Disney կինոստուդիան, որին պատկանում է ֆիլմաշարի նկարահանման իրավունքը:
ԱՄՆ-ում և Կանադայում նոր ֆիլմերն, ավանդույթի համաձայն, վարձույթում հայտնվում են ուրբաթ օրերին, սակայն հինգշաբթի երեկոյան մի շարք կինոընկերություններ նախապրեմիերային ցուցադրություն են կազմակերպում:
«Աստղային պատերազմների» պրեմիերայի ժամանակ, ինչպես նաև հանգստյան օրերին վաստակած գումարի չափը կհաղորդվի ավելի ուշ: Ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել դեկտեմբերի 15-ին Կանադայի և ԱՄՆ-ի ավելի քան 4200 կինոթատրոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարին:










