Քննիչները գաղտնիացրել են Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ գործը. փաստաբան
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գաղտնիացրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ հարուցված գործը:
Ինչպես նշում է ntv.ru-ն, այս մասին հայտարարել է կնոջ փաստաբանը՝ Մոսկվայի քաղաքային դատարանի նիստի ժամանակ:
«Քննիչը «գաղտնի» կնիք-մակագիր Է դրել գործի վրա, իսկ պաշտպաններից ստորագրություն է վերցվել քննության տվյալների չտարածման համար»,-հայտարարել է փաստաբանը:
Դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք է ներկայացվել «Մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մասին» հոդվածի հիման վրա:
Նշվում է, որ 38-ամյա կինը լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածել նախկին ամուսնու անձնական կյանքի մասին՝ առանց վերջինիս համաձայնության:
Հավելենք, որ 82-ամյա Ջիգարխանյանն ու Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նոյեմբերի 27-ին դատարանով ամուսնալուծվել են: Դերասանը պնդում է, որ նախկին կինը խաբեբա է ու յուրացրել է իր ամբողջ ունեցածքը:










