Ստամբուլում «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով առցանց ցուցահանդես է բացվել

14:20 • 19.12.17

Ստամբուլում գործող «Հայ ճարտարապետների միության» (HAYCAR), Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանի ու «Հրանտ Դինք» հիմնադրամի ջանքերով Ստամբուլի ճարտարապետության թանգարանը բացել է «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով առցանց ցուցահանդես, այս մասին տեղեկանում ենք թանգարանի պաշտոնական կայքից:

Կայքում նշված է, որ հայ ճարտարապետները մեծ դեր են ունեցել Ստամբուլի արևմտականացման, տեղի ճարտարապետության զարգացման հարցում, ինչպես նաև մշտապես տեղ գրավել Օսմանյան կայսրության ճարտարապետների միությունում:

Հեղինակները մեծ տեղ են հատկացրել հատկապես Բալյան հայազգի ճարտարապետների ընտանիքի պատմությանը՝ շեշտելով, որ 19-րդ դարում Օսմանյան սուլթանների գրեթե բոլոր նշանավոր պալատները կառուցվել են հենց նրանց կողմից:

Նշենք, որ ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ:

 

Ստամբուլում «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով առցանց ցուցահանդես է բացվել