«Հիմնական հերոսները կմահանան». բացահայտվել են «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի գաղտնիքները

12:42 • 15.03.18

HBO ամերիկյան հեռուստաալիքի ղեկավարությունը բացահայտել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի գաղտնիքները՝ հավաստիացնելով, որ շոուի վերջին սերիաները չեն հիասթափեցնի: Այս մասին հայտնում է Variety-ն:

Հեռուստաալիքի ղեկավարությունը մանրամասնել է, որ վերջին եթերաշրջանում հեռուստասերիալի հիմնական հերոսները կմահանան ու պատմել՝ ինչպես են դերասաններն արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը:

«Սա իսկապես հզոր պահ էր մեր կյանքում ու կարիերայում: Դերասաններին ցնցեց ոչ միայն այն, թե ինչպես են մահանում իրենց հերոսները, այլ նաև այն, թե ինչպես են նրանք դա անում: Ընդ որում՝ սցենարը կարդալուց հետո նկարահանող խումբը 15 րոպե կանգնած ծափահարել է»,- ասել է հեռուստաալիքի ներկայացուցիչ Ֆրանչեսկա Օրսին՝ Իսրայելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ մինչ այդ դերասանները չեն ընթերցել սցենարը, ահա թե ինչու իսկապես զարմացել են իրենց հերոսների մահով:

Ավելի վաղ HBO հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարել է, որ հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանը կթողարկվի 2019 թվականին, իսկ Սանսա Ստարկի դերակատար, անգլիացի դերասանուհի Սոֆի Թյորները հաստատել է այդ լուրը՝ մանրամասնելով, որ «Գահերի խաղն» էկրաններ դուրս կգա ապրիլին:

Ինչպես նշել է Tert.am-ը, «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը սցենար կգրեն ու նոր ֆիլմաշար կնկարահանեն «Աստղային պատերազմների» հիման վրա:

«Հիմնական հերոսները կմահանան». բացահայտվել են «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի գաղտնիքները