Բրազիլիայում շունը 4 ամիս հիվանդանոցի դռան առաջ կանգնած սպասում է մահացած տիրոջ վերադարձին
Բրազիլիայում անանուն շունը 4 ամիս շարունակ կանգնած է մնացել Սան Պաուլոյի հիվանդանոցներից մեկի առաջ՝ սպասելով իր մահացած տիրոջ վերադարձին:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, 59-ամյա տղամարդուն հոսպիտալացրել էին դանակից ստացած վնասվածքներով: Անօթևան տղամարդուն դանակահարել էին վիճաբանության ժամանակ: Նրա կյանքը փրկել չի հաջողվել, և հոկտեմբերից ի վեր շունը, որը շտապ օգնության մեքենայի հետևից վազելով հասել էր հիվանդանոց, դեռ սպասում է նրան:
Մարդիկ նկատելով հավատարիմ շանը, ուտելիք են բերել նրա համար, ինչպես նաև ծածկոց, որի վրա կենդանին տեղավորվել է: Ինչպես նշվում է, շունը երբեք չի փորձել ներս մտնել հիվանդանոց, թեև հաստատության դռները գրեթե միշտ բաց են լինում:
Շանը օրեր առաջ տարել են կենդանիների կացարան՝ խոստանալով նոր տեր գտնել նրա համար, սակայն շունը փախել է և վերադարձել հիվանդանոց:
Կենդանու հավատարմությամբ ապշած՝ ընդունարանի աշխատակցուհիներից մեկը ինքն է որոշել տուն տանել շանը, սակայն դեռ հայտնի չէ՝ կենդանին կհարմարվի նոր տիրուհուն, թե կրկին կվերադառնա:










