Մակրոնը Փարիզի գրքի սրահում հրաժարվել է այցելել ռուսական տաղավար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է Փարիզի Salon du Livre գրքի միջազգային սրահի ժամանակ այցելել Ռուսաստանը ներկայացնող տաղավար:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, նախագահի որոշման մասին Ելիսեյան պալատից տեղեկացրել են ՌԴ դեսպանատանը:
Նախքան այս ակնկալվում էր, որ 40-ամյա Մակրոնը մասնակցելու է ռուսական տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը:
Ավելի վաղ Ֆրանիայի նախագահը հայտարարել էր, որ կիսում է պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը՝ կապված անգլիական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման միջադեպ հետ: Նա հավելել էր, որ կատարվածից հետո որոշակի քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ, որին մեղադրում է նախկին հետախույզի թունավորման համար:
Նախօրեին Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները Սկրիպալի և նրա դստեր թունավորման միջադեպի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ կատարվածը Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության խախտում Է:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










