Ռումինացին դատարանում չի կարողացել ապացուցել, որ ինքը ողջ է

12:07 • 17.03.18

Ռումինիայի բնակիչ Կոնստանտին Ռելյուն իր անունով տրված մահվան վկայականը չեղարկելու հարցով դիմել է դատարան, սակայն պարտվել է։ Դատարանը հրաժարվել է 63-ամյա տղամարդուն ողջ ճանաչել:

Ինչպես նշում է The Guardian-ը, չնայած, որ տղամարդը ողջ-առողջ հայտնվել է դատարանի դահլիճում, այնուհանդերձ՝ դատավորը դա բավարար ապացույց չի համարել մահվան վկայականի չեղարկման համար:

Ռելյուն պատմել է, որ աշխատելու նպատակով ավելի քան 10 տարի Թուրքիայում է եղել, ու այդ ընթացքում ընտանիքի հետ կապ չի հաստատել: Կինը, մտածելով, որ ամուսինը, հավանաբար, մահացել է, դիմել է համապատասխան մարմիններին ու Ռելյուի մահացած լինելու վերաբերյալ փաստաթուղթ ստացել: Այդ փաստաթուղթը նրան անհրաժեշտ էր ամուսնությունը չեղարկելու և նորից ամուսնանալու համար:

Ինքը՝ Ռելյուն, մեռած լինելու մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ Թուրքիայից հայրենիք է վերադարձել անձնագրի ժամկետը երկարացնելու նպատակով: Սակայն օդանավակայանում նրան բռնել են միգրացիոն ծառայության աշխատակիցներն ու հայտնել, որ նա մահացել է 2003թ.:

Այժմ դատարանը հայցվորին ասել է, որ նա շատ է ուշացել ու ստիպված է պաշտոնապես մահացած մնալ:

«Փաստացի, ես պաշտոնապես մեռած եմ՝ չնայած, որ ողջ եմ: Եվ քանի որ ես մահացած եմ, չեմ կարող աշխատել ու եկամուտ ունենալ»,-բողոքել է ռումինացին: