Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացել է հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչատրյանի հովվատան գործով դատը

18:51 • 17.03.18

Մարտի 15-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացել է հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչատրյանի հովվատան գործով դատը: Ըստ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի՝ դատավորը լսել է կողմերի բացատրությունները և հայտնել, որ վճիռը կհրապարակվի մարտի 19-ին՝ երկուշաբթի օրը:

«Այս պահին հայր Գրիգորը հովվատանը չի ապրում»,- ասաց համայնքի ներկայացուցիչը:

Նշենք, որ դատը պետք է կայանար նախորդ երկուշաբթի՝ մարտի 12-ին, սակայն հետաձգվել էր:

Հիշեցնենք, որ  նախորդ շաբաթ Նիցցայի հոգևոր հովիվ, Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը Tert.am-ին պատմել էր, որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը փոխել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու բոլոր փականները՝ դրսում թողնելով իրեն: Իսկ հետո Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Tert.am-ին պատմել էր, որ հայր Գրիգորին լուր էր հասել, որ նրա տունը կողոպտել են, հետո պարզվել է՝ ճիշտ է: «Ես էլ նրան ասացի, որ ոստիկանություն կանչի, և երկուշաբթի առավոտ դատարան է լինելու, պետք է տեսնենք՝ ով է, ինչու՞ է նման բան արել»,- ասել էր նա:

Հիշեցնենք նաև, որ Նիցցայում  հայ համայնքը պառակտվել է, քանի որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը չի ընդունել թեմական նոր կանոնադրությունը և սկսել է չճանաչել թեմի իշխանությունը: