Հռոմում իրավապահները կասկածելի մեքենան կանգնեցնելու փորձի ժամանակ երկու կնոջ են վիրավորել
Իտալիայում կասկածելի մեքենայի ուղղությամբ ոստիկանների բացած կրակի հետևանքով երկու կին է վիրավորվել՝ մայր ու դուստր։ Ինչպես հայտնում է tass.ru-ն՝ ANSA գործակալությանը հղումով, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Հռոմի թաղամասերից մեկում։
Մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների հրամանին՝ ստուգման համար կանգ առնել հսկիչ կետում։ Դրա փոխարեն նա զարգացրել է մեծ արագություն և ցանկացել վրաերթի ենթարկել ոստիկաններին։ Նրանցից մեկը կրակ է բացել կասկածելի մեքենայի ուղղությամբ։ Սակայն գնդակը դիպել է մոտորոլլերով երթևեկող կանանց, որոնցից մայրը 49 տարեկան է, դուստրը՝ 16։
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, կանայք տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տարվում են վարորդի որոնման աշխատանքներ։










