Ռուսաստանը Լոնդոնի գործողություններին ի պատասխան երկրից արտաքսում է 23 բրիտանացի դիվանագետի
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այդ մասին, ինչպես հայտնում է russian.rt.com-ը, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ռուսաստանը Լոնդոնի գործողություններին ի պատասխան երկրից արտաքսում է 23 բրիտանացի դիվանագետի։ Երկիրը լքելու համար նրանց տրվել է 1 շաբաթ ժամանակ։
Բացի այդ, դադարեցվում է ՌԴ-ում Բրիտանական խորհրդի գործունեությունը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու համար տրված համաձայնությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ բրիտանական կողմի ձեռնարկած քայլերին ի պատասխան բոլոր որոշումներն ընդունվել են։
Հիշեցնենք, որ բրիտանացի դեսպանը ՌԴ ԱԳՆ էր կանչվել նաև մարտի 13-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան անգլիական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման միջադեպն անվանել են Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության խախտում:
Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










