Ինձ սպառնացել էին՝ ռուսները որոշել են սպանել քեզ. Սեֆիլյանը պաշտպանական ճառում նշեց սպառնալիքներ փոխանցողների անունները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա նիստին ամբաստանյալները հանդես են գալիս պաշտպանական ճառով:
Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց ոտքի կանգնած ներկայացնել պաշտպանական ճառը, սակայն դատարանը չթույլատրեց և արձանագրում էր, որ Սեֆիլյանը հրաժարվել է իր ճառը ներկայացնելու իրավունքը: Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ առարկություն ունի դատարանի գործողությունների դեմ, դատարանը թույլ չտվեց և չէր լսում նրա պաշտպաններին:
«Խնդրում եմ կենտրոնացեք իմ վրա»,- ասաց Եգորյանը իրեն չլսող և առարկությունների հնարավորություն չտվող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:
Սեֆիլյանի մյուս պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ ասաց.« Հարգելի՛ դատարան, վերջացրեք կամայականությունները, ես Սեֆիլյանի ճառն եմ ներկայացնում»:
«Նման ընթացակարգ գոյություն չունի»,- ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, և իրեն հակասելով թույլատրեց Արայիկ Պապիկյանին հրապարակել Սեֆիլյանի պաշտպանական ճառը:
Սեֆիլյանի պաշտպանական ճառում, որը ներկայացնում էր Արայիկ Պապիկյանը, ասվում էր.«Իմ խոսքն ուղղված չէ կեղծ դատարանին, այլ մեր ժողովրդին և միջազգային հանրությանը: Ովքեր հետևել են այս հաշվեհարդարին, համոզվել են, որ դատաքննության փոխարեն ականատես ենք եղել թատերական բեմականացում հիշեցնող ողբերգակատակերգային մի միջոցառման, մի ֆարսի, որտեղ այսպես կոչված մեղադրող կողմի հրապարակած դատարկաբանությունը պարզապես վատ հորինված հեքիաթ է, որը դատավորի դերակատարմամբ հանդես եկող անձն իր ջղաձիգ և բացահայտ ապօրինի գործողություններով փորձում է ամեն գնով ներկայացնել որպես իրականություն»:
Սեֆիլյանը, խոսելով իրեն վերագրվող դեպքերի մասին ասել էր, իրեն ահաբեկելու դեպքերից մեկի մասին ժամանակին անմիջապես տեղեկացրել է հանրությանը.«Դա տեղի է ունեցել 2016թ. հունվարի 12-ին: Քննչական կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնող Ամրամ Մակինյանն ինձ հրավիրել էր իր մոտ և դեռ իմ պաշտպանը չեկած ինձ բանավոր կերպով փոխանցեց իր վերադասի, պետք է հասկանալ՝ անձամբ Սերժ Սարգսյանից իջեցված սպառնալիքը,թե՝ վերջին անգամ ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք ձեր քաղաքական գործունեությունը, Դուք հայտնվելու եք նորից ճաղերի ետևում»:
Ինչ վերաբերում է մյուս դեպքին, Սեֆիլյանն ասաց, որ մյուս դեպքում փորձել են ոչնչացնել: Ըստ Սեֆիլյանի՝ իրեն սպառնացել են ու ասել.«Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»: Իմ պատասխան եղել է՝ փոխանցեք ձեր ղեկավարին, որ Հայաստանը տեր ունի, իսկ դուք շուտով ռադներդ քաշելու եք մեր երկրից: Այդ սպառնալիքը միջնորդի միջոցով ինձ փոխանցողը եղել է վերջերս իր ակտիվ գործունեությամբ հայտնի դարձած «Հանուն ինքնիշխան Հայաստանի» նախաձեռնության համակարգող, ինչպես նաև վերջերս որպես ռազմական փորձագետ հանդես եկող Հայկ Նահապետյանը»։
Սեֆիլյանը նշում էր, որ այդ սպառնալիքն իրեն փոխանցվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից երկու օր անց: Բացի այդ, իր ճառում Սեֆիլյանն անդրադարձել էր դեպի Գյումրի ավտոերթին, որը տեղի էր ունեցել 2015-ի մարտի 6-ին, երբ իրեն զգուշացրել էին չմտնել Գյումրի:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը պահանջել է Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարով:










