ԱՄՆ-ում օդանավը ստիպված վայրէջք է կատարել, երբ սրահում շուն է հայտնաբերվել (տեսանյութ)

10:13 • 17.03.18

Ամերիկյան United Airlines ավիաընկերության օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Օհայո նահանգում՝ ինքնաթիռում շուն հայտնաբերելուց հետո, հայտնում է ABC հեռուստաալիքը։


Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Նյուարկ-Սենթ Լյուիս չվերթի ժամանակ։ Ավիաընկերությունը մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ կենդանին հետագայում բարեհաջող հանձնվել է տերերին, իսկ չվերթի բոլոր ուղևորները փոխհատուցում կստանան։


Համաձայն ABC-ի՝ սա արդեն անցնող շաբաթվա ընթացքում կենդանիների հետ կապված երրորդ միջադեպն է, որ տեղի է ունեցել United-ի չվերթների ժամանակ։ Ավելի վաղ Հյուսթոնից Նյու Յորք մեկնող օդանավում ուղևորուհիներից մեկի շունը սատկել է, երբ օդանավի անձնակազմը պահանջել է կենդանուն դնել ձեռքի ուղեբեռի համար նախատեսված դարակում։