ՀՀ դեսպանը Հայաստան-Վիետնամ Բարեկամության խմբի անդամների է ներկայացրել մեր դիրքորոշումները տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման վերաբերյալ

17:12 • 17.03.18

Մարտի 16-ին տեղի է ունեցել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Հայաստան-Վիետնամ Բարեկամության Ասոցիացիայի անդամների և Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել է հայ-վիետնամական հարաբերությունների օրակարգի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել հումանիտար, առևտրատնտեսական, ներդրումների և, հատկապես, զբոսաշրջային ոլորտում իրականացվող ծրագրերին և տվյալ ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Այդ համատեքստում ներկաների խնդրանքով դեսպան Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղղությամբ: