ՌԴ նախագահական ընտրություններ. Վ. Պուտինն առջևում է՝ ձայների ավելի քան 70%-ով
00.03
ՌԴ ԿԸՀ հաղորդմամբ՝ քվեաթերթիկների շուրջ կեսի հաշվարկի արդյունքում Վլադիմիր Պուտինն առաջատարն է 74.55% ձայներով, երկրորդ տեղում է Պավել Գրուդինինը՝ 13.77%: Նրանց հետևում են Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6.44%-ով, Քսենիա Սոբչակը՝ 1.41%-ով, Գրիգորի Յավլինսկին՝ 0.81%-ով, Մաքսիմ Սուրայկինը՝ 0.64%-ով, Բորիս Տիտովը՝ 0.64%-ով, Սերգեյ Բաբուրինը՝ 0.63%-ով:
23.12
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեաթերթիկների 30%-ի հաշվարկի արդյունքում Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 73.1 %-ը։
22.46
Ռուսաստանում նախագահական ընտրություններն ավարտվել են, երկրի ողջ տարածքում փակվել են բոլոր ընտրատեղամասերը, և սկսվել է ձայների հաշվարկը:
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններում քվեարկության ընթացքը դրական է գնահատել, առանց նշանակալից խախտումների և թափանցիկ: Քվեարկությունը վերջինն ավարտվել է Կալինինգրադի մարզում:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ձայների 21.94 տոկոսի հաշվարկի արդյունքները, որոնց համաձայն՝ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 72.06 տոկոսը:
Նրան հաջորդում է Պավել Գրուդինինը՝ 11.8 տոկոսով: Վլադիմիր Ժիրինովսկու օգտին քվեարկել է ընտրողների 5.9 տոկոսը, Քսենիա Սոբչակի օգտին՝ 1.8 տոկոսը:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալներով՝ Վ. Պուտինը հավաքել է ձայների 73.9 տոկոսը, Պ. Գրուդինինը՝ 11.2 տոկոսը, Վ. Ժիրինովսկին՝ 6.7 տոկոսը, իսկ Ք. Սոբչակը՝ 2.5 տոկոսը:










