ՌԴ նախագահի ընտրությունների ներկայիս քվեարկությունը Երևանում բացված ընտրատեղամասում բացառիկ է. Իվան Վոլինկին
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ ՌԴ նախագահի ընտրությունների ներկայիս քվեարկությունը Երևանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունում բացված ընտրատեղամասում աննախադեպ է մասնակիցների թվով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս ընտրություններն իսկապես աննախադեպ են ընտրողների, մեզ մոտ դեսպանատանը ընտրատեղամաս եկածների թվով: Մենք ընտրում ենք Ռուսաստանի ապագան, մենք ընտրում ենք մեր երեխաների ապագան, մեր թոռների ապագան»,- ասել է Վոլինկինը լրագրողներին:
Նրա խոսքերով՝ դրանով է պայմանավորված այդ ակտիվությունը:
«Ժողովուրդը շահագրգռված է, որ երկիրն ավելի լավ վիճակում լինի, և այդ պատճառով տեսնում եք, թե ինչ ակտիվություն է: Ժամը մեկի դրությամբ՝ ընտրություններին արդեն մասնակցել է ավելի քան 1,6 հազար մարդ: Դա շատ մեծ թիվ է: Համեմատած նախորդ ընտրությունների հետ՝ այդ թիվը զգալիորեն գերազանցում է նախորդ ցուցանիշը»,- նշել է դեսպանը:
Նշենք, որ Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիների համար բացվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատանը և Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում նախագահի ընտրություններ են ընթանում:
Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսական համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնությունից» Քսենիա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին:










