Իրար շատ եք սազում. «Ելք» խմբակցությունը լքեց ավագանու նիստերի դահլիճը, որպեսզի չմասնակցի ՀՀԿ-ԵԾ քննարկումներին (տեսանյութ)

11:54 • 19.03.18

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը՝ դժգոհելով նիստի օրակարգի ձևավորումից, օրակարգային հարցերից:

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ նիստի օրակարգ միանձնյա ձևավորող քաղաքապետի կողմից առաջին անգամ բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունը՝ ի դեմս ԵԾ-ի, ներկայացված նախագծերը շրջանառության մեջ դնելուց անմիջապես հետո, ներառվեն առաջիկա նիստի օրակարգում, այն էլ առաջին հարցերում:

«Հանրապետականները ստեղծել են բացառիկ հնարավորություն, որպեսզի ականատեսը լինեն 2 ընդդիմադիր ուժերի բախմանը: «Ելք» խմբակցությունն ունի այնքան քաղաքական հասունություն, որ նախաձեռնված սադրանքին և իշխանության կողմից ստեղծված օրակարգային ծուղակի մեջ չի ընկնի: «Ելք» խմբակցությունը ՀՀԿ-ԵԾ քննարկումներին չի մասնակցի, մենք լքում ենք նիստերի դահլիճը»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ավագանու նիստի օրակարգային 2-րդ և 3-րդ հարցերով նախատեսվում էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխել Վուդրո Վիլսոնի անվամբ, և Մարտի 1-ի զոհերի հուշահամալիր կառուցել:

«Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, անդրադառնալով այս հարցերին, հայտարարեց, որ ՀՀԿ–ն  և «Երկիր Ծիրանին» իրար շատ սազում են:

«Այո, մենք պետք է ունենանք Վուդրո Վիլսոնի արձան, բայց ինչո՞ւ մեր ազատամարտի հերոսի դերը նսեմացնելով: Ուզում ենք ասել, որ հայոց բանակի հիմնադիրն ու հայ ժողովուրդը չե՞ն հաղթել պատերազմը: Թե՛ ձեր, թե՛ իշխանության գործիչների նպատակը երկիր պառակտելն է: Իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին են ձերբակալում, դուք էլ Վազգեն Սարգսյանի... իրար շատ սազում եք»,- մինչ օրակարգին անցնելը ելույթների ժամանակ ասաց Բախշյանը:

«Ելք» խմբակցության մյուս անդամները ևս կոշտ քննադատության արժանացրին «Երկիր Ծիրանիին»՝ Վազգեն Սարգսյանի փողոցի անվանափոխության նախագծի համար: Նրանք նույնպես կողմ են, որպեսզի Երևանում Վուդրո Վիլսոնի անվան փողոց կամ դպրոց լինի, բայց դա չլինի հերոսների հաշվին:



Իրար շատ եք սազում. «Ելք» խմբակցությունը լքեց ավագանու նիստերի դահլիճը, որպեսզի չմասնակցի ՀՀԿ-ԵԾ քննարկումներին (տեսանյութ)