Երևանի ավագանու նիստը` ուղիղ. օրակարգում են «Մարտի 1-ի» հուշարձանի տեղադրման, Վ. Սարգսյանի փողոցն անվանափոխելու և այլ հարցեր

11:03 • 19.03.18

Քիչ առաջ մեկնարկեց  Երևանի ավագանու նիստը, որն առաջինն էր փետրվարի 13-ի հայտնի միջադեպից հետո, որի ժամանակ ծեծկռտուք և քաշքշոց տեղի ունեցավ ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև։

Հիշեցնենք, որ ԵԾ անդամները դիմակներ էին հագել և կոյուղաջրով լի ապակյա տարաներ բացել՝ ցանկանալով ցույց տալ, թե  ինչ գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները։

Հիշեցնենք նաև, որ այս միջադեպից հետո, որի արդյունքում քրեական գործ հարուցվեց, երկար ժամանակ հայտնի չէր, թե ինչ կարգով են  լրագրողները լուսաբանելու ավագանու նիստերի աշխատանքը:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ավելի ուշ ասել էր Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ նման հնարավորություն է տրվելու թե՛ անմիջապես նիստերի դահլիճից, թե՛ նոր սարքավորումներով կահավորված հատուկ առանձնացված տարածքից: 

Նշենք, որ այսօրվա օրակարգում է 10 հարց.

1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու մասին,  Վուդրո Վիլսոնի հուշարձանի տեղադրման մասին:
3. Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին:
4. Հողի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին:
5. Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
6. Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին:
7. Երևանի քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
9. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
10. Գույք ընդունելու մասին: