ՀՅԴ-ն առաջարկում է, որ յուրաքանչյուր խմբակցություն յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք

10:34 • 19.03.18

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախագծի նպատակն է, որպեսզի խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:

«Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,-ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների քանակը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար: Իսկ խմբակցությունները իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրաված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում:

«Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ»գործող  սահմանադրական օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները, հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու  դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավվածություն ունենալ»,-ասաց նա:

Ըստ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի մշտական հանձնաժողովների առավելագույն քանակը 12-ն է: