Պուտինը տպավորիչ հաղթանակ տարավ ընտրություններում՝ իր իշխանությունը երկարաձգելով ևս 6 տարով. Reuters-ի անդրադարձը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տպավորիչ հաղթանակ է տարել կիրակի՝ իր իշխանությունը երկարաձգելով ևս վեց տարով, գրում է Reuters գործակալությունը:
Պուտինի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ նրա քաղաքական իշխանությունը կերկարաձգի մինչև 2024 թվական, այդ ժամանակ նա կլինի 71 տարեկան: Ինչպես նշում է գործակալությունը, միայն խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինն է ավելի երկար կառավարել:
Պետական հեռուստատեսության, իշխող կուսակցության աջակցությունն ունեցող Պուտինի հաղթանակը երբեք կասկածի չի ենթարկվել: Պուտինի դեմ առաջադրված յոթ թեկնածուներից ոչ ոք վտանգ չի ներկայացրել: Reuters-ը նշում է, որ քննադատները պնդում են, որ պաշտոնյաները ստիպել են մարդկանց գալ ընտրատեղամասեր՝ թույլ չտալու համար, որ ընտրություններում մրցակցության բացակայության պատճառով առաջացած ձանձրույթի հետևանքով ցածր մասնակցություն գրանցվի:
Ինչպես նշել են Պուտինի աջակիցները, ընտրություններում գրանցված արդյունքներն Արևմուտքի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշման հարցում ժողովրդի պաշտպանությունն է:
«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում հասկացան, որ չեն կարող ազդել մեր ընտրությունների վրա»,- ասել է խորհրդարանի վերին պալատի անդամ Իգոր Մորոզովը: Միևնույն ժամանակ, վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հաղթանակը բնութագրել է որպես Արևմուտքի դեմ տարած բարոյական հաղթանակ:
«Մարդիկ միավորվեցին: Աշխարհում ոչ մի երկիր նման բաց և թափանցիկ ընտրություններ չունի»,- ասել է նա:
Ինչպես նշում է գործակալությունը, հարց է առաջանում, թե արդյոք Պուտինը կմեղմի իր հակաարևմտյան հռետորաբանությունն ընտրություններում տարած հաղթանակից հետո: Պուտինի ռազմատենչ լեզուն իր գագաթնակետին էր հասել ընտրություններից առաջ՝ հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթում, որի ժամանակ նա ներկայացրել էր Ռուսաստանի նոր միջուկային զենքերը:
Գործակալությունը նշում է, որ Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունները Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենավատ վիճակում են՝ Սիրիայի, Ուկրաինայի, ամերիկյան ընտրություններին միջամտելու մասին պնդումների և կիբեռհարձակումների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ռուս նախկին սպայի և նրա դստեր թունավորման պատճառով:
Թե որքան է Պուտինը ցանկանում մնալ իշխանության՝ հայտնի չէ, եզրափակում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հավաքում է 76,67% ձայն՝ քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո։ Այդ մասին են վկայում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։ Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, գործող նախագահն իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քաղաքական աջակցությունն է վայելում. նրա օգտին է քվեարկել 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թվականի ցուցանիշից։










